Կարապետյանը Վոլինկինի հետ քննարկել է Մեդվեդևի՝ ՀՀ նախատեսվող պաշտոնական այցը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:
Կարեն Կարապետյանը եւ Իվան Վոլինկինը կարեւորել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, եւ այդ համատեքստում քննարկել առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:
Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին եւ ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:
Հոկտեմբերի 24-ին Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նիստին մասնակցության նպատակով Երևան են ժամանելու նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների վարչապետները:
Նշենք, որ ավելի վաղ Մեդվեդևը միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին խնդրել էր երևանյան նիստը հոկտեմբերի 30-31-ից տեղափոխել հոկտեմբերի 24-25: