Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման նախապատրաստական գործընթացը մոտենում է ավատական փուլին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ հիշեցնելով, որ նշյալ աշխատանքների համակարգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կողմից:
«Այդ համաձայնագրում ներառված են նաև 40 ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են Հայաստանում ու դրանց մասով պահանջարկ կա իրանական շուկայում: Դրանք հենց հայկական կողմի առաջարկներն են: Համաձայնագրի ստորագրումից հետո այդ ապրանքների մուտքը իրանական շուկա բավականին կպարզեցվի: Այնտեղ կան ինչպես ոչ սակագնային կարգավորումներ, այնպես էլ սակագնային կարգավորումներ, որոնց մասով պարզեցումներ կլինեն»,-հայտնեց նախարարը` ավելացնելով, որ այդպիսով հայկական ապրանքներն ավելի մրցունակ կդառնան իրանական շուկայում:
Վկայակոչելով ընթացիկ տարվա ութ ամիսներին Հայաստանից Իրան արտահանման 11.2 տոկոսանոց աճը` Սուրեն Կարայանը նկատեց, որ այն աննախադեպ ցուցանիշ է:
Նախարար Կարայանը կարևորեց ապրանքների նկատմամբ կիրառվող ստանդարտների փոխճանաչելիության գործընթացը Իրանի հետ: Ասաց, որ ներկայում բանակցում են երկու երկրներում պարենային ու ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկումներ իրականացնող գնահատման մարմինների մասնաճյուղերի հիմնման ուղղությամբ: Նրա խոսքով` մարտին Երևանում բացված «Հալալ» գրասենյակի կողմից տրամադրվող սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ երկրներում: Հետևաբար, Հայաստանում արտադրվածապրանքներն այստեղ սերտիֆիկացվում ու իրացվում են նշյալ երկրների շուկաներում:
Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին` Սուրեն Կարայանն ասաց, որ նորաստեղծ Համահայկական ներդրումայինհիմնադրամի առաջին նախագծերից մեկը հենց այս գոտու ստեղծումն ու ֆինանսավորումն է:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տնտեսական զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն արդարացված է համարում:
«Մեկ տարի առաջ հայտարարած տեսլականը ևս իրականացվել է և արդարացված է: Մեր հիմնական նպատակադրումն էր, որ հետագա զարգացումը տեսնում ենք արտահանելի տնտեսության ձևավորման մեջ: Առաջին ութ ամիսներին արձանագրված արդյունքներով՝ մենք տեսնում ենք դա»,-ասել է նախարարը:
Մասնավորապես, նա նկատել է, որ ապրանքների արտահանման աճը 2017-ի ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 21.7 տոկոս, ապրանքերի ու ծառայությունների արտահանման ընդհանուր աճը գերազանցել է 20 տոկոսը: «Սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ-ի մեջ ապրանքների ու ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը կկարողանանք հասցնել 37-38 տոկոսի: Սա էլ իր հերթին հիմք է տալիս մտածելու, որ առաջիկայում կարողանանք ապահովել այն ցուցանիշը, որ կառավարության ծրագրում է ամրագրված՝ ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում հասցնել 40-45 տոկոսի»,- ավելացրել է Սուրեն Կարայանը:
Նախարարի խոսքով՝ տնտեսական ակտիվության 5.5 տոկոսանոց ցուցանիշը պայմանավորված է արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճով: «Հատկանշական է, որ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով, որն էլ հիմնական շարժիչ ուժն է եղել տնտեսական ակտիվության աճի համար: Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալների 16.4-տոկոսանոց աճն էլ ապահովել է ընդհանուր ադյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճը»,-հավելել է նախարարը:
Խոսելով արտահանման խրախուսմանն ուղղված աշխատանքների մասին՝ Սուրեն Կարայանը նշել է, որ քայլեր են ձեռնարկել ԵԱՏՄ երկրներում հայկական արտադրանքի լայն ներկայացվածության համար: «Աշխատանքներ ենք իրականացրել ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի մուտքի դյուրացման ուղղությամբ՝ փորձելով վերացնել առաջացող հնարավոր խոչընդոտները»,-ասել է նա: Նրա տեղեկացմամբ՝ ԵԱՏՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճել է 33.4 տոկոսով, ԵՄ երկրներ՝ 32.6 տոկոսով: