Անկարան մերժել է ԱՄՆ պատվիրակության՝ թուրք-ամերիկյան ճգնաժամի լուծմանն ուղղված առաջարկները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մերժել է Անկարա ժամանած ամերիկյան պատվիրակության առաջարկները, որոնք ԱՄՆ-ն առաջադրել էր թուրք-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամի լուծման համար:
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը, բանակցությունները Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի և ամերիկյան պատվիրակության միջև դեռևս շարունակվում են:
Արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ն պահանջել է նախևառաջ տեղեկացված լինել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի հետ կապված հետաքննության բոլոր մանրամասներին, ինչպես նաև ապացույցներ է պահանջել Թուրքիայից, որոնց հիման վրա թուրքական կողմը ձերբակալել է հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով։