ՀՀ-ն և Քալիֆորնիա նահանգը համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կկնքեն
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում հանդիպում է ունեցել Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումների, վերականգնվող էներգիայի, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտներում երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:
Կողմերը համաձայնել են սկսել Հայաստանի Հանրապետության եւ Քալիֆորնիա նահանգի միջեւ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացը:
Նահանգապետ Ջերրի Բրաունը ողջունել է Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի կողմից Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագրին միանալու հանգամանքը, որն ուղղված է պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ:
Նշվում է, որ Հայաստանի երեք մարզերի համալրման արդյունքում Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագիրը ստորագրող կողմերի թիվը 190 է դարձել: