26.11.2024
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչն այցելել է Ծիծեռնակաբերդ
prev Նախորդ նորություն

Քաղաքական, ռազմական գործիչները զգացել ԵԱՏՄ առավելությունները, հասարակ քաղաքացիները՝ կզգան

ԵԱՏՄ-ում հարկային ինտեգրացիայի առաջին և հիմնական խնդիրներից մեկը ոչ միայն ապրանքների առանց մաքսային անջրպետների տեղափոխումն է, այլ նաև ծառայությունների և աշխատուժի։ Այս մասին այսօր «Հայաստան. 2 տարի ԵԱՏՄ-ում» թեմայով քննարկմանն ասաց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Մարինա Իվլիևան։


«Յուրաքանչյուր բիզնեսմեն կվկայի, որ ապրանքների մասով մաքսային, ԱԱՀ-ի, ակցիզների հետ կապված խնդիրներն անցած տարիներին հաջող լուծվել են և այժմ էլ լուծվում են, որովհետև դա դրված է Եվրասիական տնտեսական միության ստեղծման հիմքում։ Բիզնեսը զգացել է մաքսային անջրպետերի վերացումը, և կարծում եմ՝ այս արդյունքներն ավելի կամրացնեն տնտեսական կապերը»,- tert.am-ի հաղորդմամբ նշել է Մարինա Իվլիևան։


Նրա խոսքով՝ քաղաքական, ռազմական գործիչները հիանալի են զգացել ԵԱՏՄ առավելությունները, գործարարները ժամանակի ընթացքում կզգան, իսկ հասարակ քաղաքացիները դեռևս չեն զգացել։


Ըստ Մարինա Իվլիևայի՝ ԵԱՏՄ տարբեր երկրներ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները իրենց վրա միայն զգում են ազգային հարկային օրենսդրություն դժվարությունները։


«Ֆիզիկական անձանց եկամտահարկը հանդիսանում է ներքին օրենսդրության մաս։ Եվ ԵԱՏՄ անդամ երկրներն այժմ կիսակամ են գնում այս ոլորտում հարմոնիզացիային։ Նրանք չեն ցանկանում հրաժարվել շատ դեպքերում այն բարձր հարկերից, որոնք գործում էին մինչև ԵԱՏՄ-ն»,- նկատեց նա։


Իրավաբանի տեղեկացմամբ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը եկամտային հարկերը վերջին շրջանում ինչ-որ չափով հավասարեցրել են։ Նշված երկրներում դրանք տատանվում են 11-14 տոկոսի սահմանում, բայց Հայաստանում եկամտահարկը բավականին բարձր է։ Մարինա Իվլիևայի կարծիքով՝ այս խնդրում ԵԱՏՄ երկրներին օգնության կարող է հասնել այնպիսի գործիք, ինչպիսին միջազգային հարկային պայմանագիրն է։