Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հոկտեմբերի 11-ին կժամանեն Սոչի, որտեղ անցկացվելու են ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովները: Նշվում է, որ Սոչիում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա այլ պետությունների ղեկավարների հետ, սակայն ոչինչ չի ասվում ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման մասին:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել է, որ Սոչիում Վլադիմիր Պուտինը կանցկացնի նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, ընդ որում, ընդգծել է, որ Պուտինը հանդիպելու է Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ, հավելելով: «Չեմ բացառում, որ լինեն նաև ուրիշ հանդիպումներ, ես թվարկեցի նրանք, որ արդեն համաձայնեցված են: Հնարավոր է, որ առանձին քննարկումներ էլ լինեն` ոտքի վրա, օրինակ, կամ այլ հանդիպումներ ևս անցկացվեն», - ասել է նա:
Այժմ պարզ չէ ու տեղեկատվույթուն չկա՝ կլինի որևէ ձևաչափով հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, թե ոչ: Պաշտոնական հայտարարություն այս պահին դեռ չկա:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի»: «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», - ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2016 թ-ի ապրիլյան ռազմական գործողություններին հաջորդած Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներից հետո ԼՂ հիմնախնդի շուրջ բանակցությունները պետությունների ղեկավարների մակարդակում փաստացի դադարեցվել էին:
Հայաստանը պնդում է Սերժ Սարսգայնի ու Իլհամ Ալիևի Վիեննայում և Սանկտ-Պետերբուգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների կատարման պարագայում վերսկսել բանակցություններ, ինչ Ալիեւն իր վերնոշյալ խոսքում անվանում է «նախապայմաններ»: Իսկ նախագահները պայմանավորվել էին հետեւել զինադադարի ռեժիմին, մեծացնել շփման գծում մոնիտորինգ իրականացնող Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների թիվը և հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել առաջնագծում:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումներից գերթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը:
Հիմա արդեն, ըստ հոկտեմբերի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության, կողմերը համաձայնեցին, այնուամենայնիվ, վերսկսել բանակցությունները: Համանախագահների տարածած հաղորդագրության մեջ, որում նրանք ամփոփեցին իրենց այցը տարածաշրջան, ասված է. «Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»:
Թե երբ, որտեղ և ինչ ձևաչափով կկայանա այդ հանդիպումը, համանախագահները չեն հայտնել:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իր ասուլիսներից մեկի ժամանակ, պատասխանելով մեր հացին՝ եթե Բաքուն, այնուամենայնիվ, չկատարի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, ասաց. «Ամեն դեպքում բանակցություններն այլընտրանք չունեն»:
Արդեն գրել ենք, որ այժմ համանախագահ երկրները, հատկապես Ռուսաստանը շեշտը դնում են ԼՂ հակամարտության համալիր կարգավորման վրա: Այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների վերսկսման համար նախեւառաջ նորմալ մթնոլորտ ստեղծելու նախապայմանների ապահովումը (չկրակել սահմանին, ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ շփման գծում եւ ավելացնել Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների քանակն ու տեղավորել նրանց շփման գծում), որի վրա շեշտ է դնում հայկական կողմը, կամաց-կամաց դառնում է ոչ ակտուալ:
Վերադառնում ենք ի շրջանս յուր՝ առանց որեւէ երաշխիքների կողմերին ցանկանում են վերադարձնել բանակցությունների սեղան, ինչը, համաձայն բազմաթիվ հայտարարությունների՝ հայկական կողմի համար ընդունելի չէ: ՌԴ դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները հայտնել էին, որ այժմ քննարկումները գնում են միայն Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման շուրջ, ինչը եւս դժվար իրագործելի խնդիր է:
Դեռեւս անցյալ տարի դեկտեմբերին ՌԴ դիվանագիտական շրջանակներում մեր աղբյուրները հայտնել էին, որ այժմ խնդիր է դրված հետ կանգնել հանրային կտրուկ հայտարարություններից, մեղադրանքներից եւ փորձել վերադառնալ խնդրի կարգավորման բանակցություններին:
«Խնդիրը լուծվում է ոչ թե հայտարարություններով, այլ հանգիստ եւ լռության պայմաններում: Պետք է նստել եւ խոսել, պայմանավորվել կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ», - նշել էր ՌԴ պարձրաստիճան դիվանագետը: Այն է՝ հայկական կողմին հստակ մեսիջ էր հղվում, որ բողոքել Ադրբեջանից Վիեննայի պայմանավորվածություններն արհամարհելու համար՝ պետք չէ, կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից արդյունավետ չէ եւ այդ հռետորաբանությանը պետք է վերջ դնել:
Երեւանը կարծես ականջալուր է եղել այս կոչերին: Հատկանշական է, որ վերջին ամսիններին հեռտորաբանությունն էլ հակամարտող կողմերի մեջ փափկել է, իսկ զոհերի քանակը սահմանին նվազել: