23.11.2024
ԵԱՏՄ-ական կրքեր. Ինչո՞ւ «Ելք»-ը չի պահանջում կառավարության հրաժարականը, այլ ԵԱՏՄ-ին է դեմ
prev Նախորդ նորություն

Երբ ԱԺ-ն վերածում են չարաճճի տղաների համար փակ տուն-ինտերնատի

Ավելի վաղ գրել էինք, որ այսօր ԱԺ-ում լեզվակռիվ, այնուհետ իրական ձեռնամարտ է տեղի ունեցել պատգամավորների միջև:


Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը facebook-յան իր էջում գրառել էր. «Հենց նոր ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:


ՀՀԿ խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի արձագանքը սրան, ինչպես նաև Ելք խմբակցության անդամների բորբոքված ելույթներին եղավ այն, թե. «Եթե բռունցքով հարձակվեի, Փաշինյանը կտեղափոխվեր հիվանդանոց»: Ավելի ուշ, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ խմբակցությունում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև քննարկում է տեղի ունեցել, վերջինս հերքեց, թե այդ քննարկումը նվիրված է եղել այդ միջադեպին.


«Ընդունենք, միջադեպ ա՝ եղել ա, 4 տարի հլը էդ մարդու հետ աշխատելու ենք, ի՞նչ եք բորբոքում», - լրագրողներին ասաց նա:


Միևնույն ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը  միջադեպի վերաբերյալ զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ: Պատգամավորն ընդգծել է, որ նման երևույթները, ընդհանուր առմամբ, դատապարտելի են, սակայն հավելել, որ ոչ մի խորհրդարան նման իրավիճակներից ապահովագրված չէ. «Երբ կքննարկենք, կհասկանանք, թե ինչ է եղել, համապատասխան արձագանքներ կլինեն»,- ասել է նա՝ զերծ մնալով գնահատական հնչեցնելուց:


Ուշագրավ է, որ միջադեպից հետո Ելք խմբակցության անդամների պահանջները՝ դատապարտել կամ գոնե ինչ-ոչ կերպ մեկնաբանել այն, այդպես էլ մնացին անպատասխան: Անգամ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, ով, ըստ որոշ ականատեսների, ներկա է եղել այդ միջադեպին հայտարարել է, թե ոչինչ էլ չի տեսել.


«Ո՞վ ա ասում, ես ընդեղ չեմ եղել, ես չեմ տեսել։ Ես գնացել եմ էն ժամանակ, երբ ավարտված ա եղել, ես ոչ մի բան չեմ տեսել», - ասել է Ազիզյանը։


Անգամ եղան այնպիսիք, որ կասկածի տակ առան Փաշինյանի հայտարարությունն ու ակնհայտ կարմրած դեմքը. ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, հայտարարեց, թե չի հավատում ընդդիմադիր գործընկերջը.


«Գեղամյանը տարիքով մեծ մարդա, ո՞նց կարա իրան նման բան թույլ տա։ Ճիշտն ասած, կներեք, բայց չեմ հավատում»,- ասել է նա:


Եվ մինչ ՀՀԿ-ականները խրամատներից վախենում էին որևէ գնահատական տալ կամ նույնիսկ ընդունել, որ մի պատգամավորը դժվար թե նման կերպով զրպարտի մեկ ուրիշին, այն էլ՝ տարիքով մեծ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որոշակիորեն գնահատեց կատարվածը՝ առանց կոնկրետ հասցեատերերի, սակայն և բավականին բաց տեքստով.


«Ես, որպես կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ, շատ պարզ, հանրամատչելի ասում եմ՝ պառլամենտում պառլամենտականների կողմից, պառլամենտի դահլիճում և դահլիճից դուրս լրագրողների, քաղաքացիների նկատմամբ ոչ էթիկայի սահմաններում, ոչ կոռեկտ պահվածք, բռունցքներով հարցերը լուծելն ու անձնական վիրավորանքներ հնչեցնելը ինձ համար անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե հեղինակը ինչ կուսակցության ներկայացուցիչ է»:


Այսինքն, բացահայտ գործ ունենք երկու տհաճ իրավիճակի հետ. առաջինում՝ ծեծ, բռունցքների գործադրում՝ անկախ կարևորություն տալու նրան, թե ինչով է պայմանավորված նման ոչ հարիր պահվածքը և երկրորդ՝ իբրև թե չհավատալ գործընկերոջը և, փստացի, եմղադրել նրան ստելու մեջ: Երկու իրավիճակն էլ հավասարապես անընդունելի են պետական մարմնի ներկայացուցիչների համար:


Հինգերորդ գումարման Ազգային Ժողովում նմանատիպ իրավիճակներ ևս տեղի են ունեցել. 2014-ին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի և Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի միջև դարձյալ միջանցքում քաշքշուկ եղավ: Եղել է նաև դեպք, երբ պատգամավորը՝ Ռուբիկ Հակոբյանը, հարվածել էր լրագրողին: Հայհոյանքների, այդ թվում և կին պատգամավորների հասցեին հնչեցված, նույնիսկ չարժե հիշատակել՝ դրանց թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճ է արձանագրել ընդհանուր երկրում անպատժելիության մթնոլորտի խորացմանը զուգահեռ: Այսինքն, Արտաշես Գեղամյանի պահվածքը ամենևին էլ նորություն չէ,  բայց հետաքրքիրն այն է, որ լուրջ պատիժ կամ լուրջ դատապարտման նրանցից ոչ մեկը գործընկերների կամ ԱԺ ղեկավարության կողմից չեն արժանացել: Ասել է թե՝ ԱԺ-ն կարծես փակ տուն-ինտերնատ է, որի սաները երբեմն չարաճճիություն են անում, բայց ամենն անցնում-գնում է:


2016 թվականին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով պատգամավորների պահվածքին հայտարարել էր, թե ԱԺ էթիկայի հանձնաժողովը լրիվ ավելորդ է` մեր ազգային նկարագրին ու քաղաքակրթությանը չհամապատասխանող, և ավելի լավ կլիներ ունենայինք «ճշտով» հանձնաժողով, քանի որ ունենք նույն արժեհամակարգին համապատասխան պատգամավորներ: Պարոն Բաբայանի առաջարկը, թերևս, լսվել է, քանի որ վեցերորդ գումարման ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով այլևս չի գործում: Գուցե դրա փոխարեն առաջիկայում գործի «ճշտով» հանձնաժողով, որն էլ նման իրավիճակներին պարտադրված գնահատական կտա:


Ազգընտիրները, իհարկե, օժտված են անձեռնմխելիությամբ, բայց դա չի նվազեցնում այն հարցի կարևորությունը, թե ինչո՞ւ է պատժի կամ պարզապես դատապարտելու (ոչ իրավական) ինստիտուտը մեր երկրում այդքան ընտրողաբար է աշխատում:


Լիա Խոջոյան