Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության: Վարչապետը ԻԻՀ-ում է առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով:
Թեհրանում կայացել է Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։ ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում:
«Լիահույս եմ, որ այս հանդիպումից հետո մենք նոր շունչ կհաղորդենք մեր համագործակցությանը և մեր օրակարգում գտնվող բոլոր ծրագրերին: Տնտեսական համագործակցությանն անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ այն զգալիորեն զիջում է մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը: Սակայն ավելի քան վստահ եմ, որ կարող ենք նոր հաջողություններ արձանագրել մեր համագործակցության տնտեսական հարթությունում»,- նշել է Կարեն Կարապետյանը:
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը: Էսհաղ Ջահանգիրին կարևորել է երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ վարչապետ Կարապետյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության էլ ավելի ակտիվացմանն ու ընդլայնմանը:
ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահի առաջին տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը: Իրան-Հայաստան տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացման համար նշանակալի է համարվել «Սյունիք ազատ տնտեսական գոտու» դերը, վերջինիս և իրանական «Արաս» ազատ գոտիների համագործակցությունը: «Վստահ եմ, որ այս գոտին կարող է հետաքրքրել թե իրանական կազմակերպություններին, որոնք կցանկանան դուրս գալ ԵԱՏՄ, եվրոպական շուկաներ, քանի որ Հայաստանը տիրապետում է GSP+ արտոնյալ ռեժիմին, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք Իրանի հետ համագործակցության սահմանափակումներ կունենան: Այս համատեքստում նաև արդյունավետ գործիք կարող է լինել արտահանող ներմուծող ընկերության ստեղծումը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանը՝ ԵԱՏՄ շուկա դուրս գալու հարցում:
Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումները, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրականական կողմի հնարավոր մասնակցությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ էներգետիկ համագործակցությանը: Կարևորվել է երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը նաև մաքսային մարմինների միջև: Վարչապետ Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:
Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ գործընթացը հնարավորինս շուտ կավարտվի և նշել, որ հայկական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները՝ պայմանավորվելով մոտ ժամանակներս անցկացնել հերթական՝ 15-րդ նիստը:
ՀՀ վարչապետը և Իրանի առաջին փոխնախագահը նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ԼՂ հիմնահարցում հավասարակշռված դիրքորոշման համար:
Կարեն Կարապետյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
Հանդիպմանը քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայտարարություններ ԶԼՄ ներկայացուցիչների համար
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի.
«Մեր երկու երկրները գտնվում են մշակութային, քաղաքակրթային և աշխարհագրական նույն տարածաշրջանում, և մեր երկրների հարաբերությունները բխում են դարերի խորքից ու հիմնված են երկու ժողովուրդների և մշակութային ընդհանրությունների վրա: Մեր հարաբերությունները մշտապես հիմնված են եղել կայունության վրա, և Աստծո ցանկությամբ այդպես էլ կշարունակվի: Իրանի տարբեր քաղաքներում ապրող մեր հայ քաղաքացիներն ունեն ջերմ կապեր Հայաստանի Հանրապետության իրենց հայրենակիցների հետ, ինչը լավ կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
Մենք մեր հարևանների հետ ունենք լավ հարաբերություններ, և դրանց զարգացման նպատակով կատարվել են լուրջ աշխատանքներ: Մեր հարևանների հետ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի Հանրապետությունն ունի իր հատուկ տեղը: Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության համար որևէ սահմանափակում չունենք, և Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսակետից կարող է հատուկ դեր ունենալ:
Առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք կապահովեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է և լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ապա այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության և տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով:
Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաև այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ համագործակցության զարգացման համար: Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան.
«Մենք մեր բարեկամ պետություն ենք եկել շատ լավ տրամադրությամբ: Ունեցել ենք շատ կառուցողական և առարկայական հանդիպումներ, վերահաստատում եմ, որ համակարծիք եմ պարոն Ջահանգիրիի ներկայացրած նյութի հետ: Մենք վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, և առարկայական խոսել ենք այդ բոլոր թեմաների շուրջ:
Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին:
Շնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործըկներներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար: Կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ հասկացել են ինչ պետք է անել այլ հարթակներում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովում, և պարոն Ջահանգիրիին մեծ սրտով հրավիրել ենք Հայաստան, որտեղ մենք պատիվ կունենանք ամփոփելու այն ժամանակահատվածը, որն այս այցից հետո մեր գործընկերների հետ համատեղ կանցնենք: Կարծում եմ, որ պարոն Ջահանգիրին կհաստատի, որ շատ լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից և շատ լավատես ենք հեռանկարների առումով»:
Ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել
Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր: Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն հայկական կողմից ստորագրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին: Հայաստանի մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության միջև ստորագրվել է մշակութային և գեղարվեստական փոխանակումների 2017-2020 թթ. ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին: Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Մահմուդ Հոջադին ստորագրել են անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: