Մինսկը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար. Լուկաշենկո
Բելառուսի և Ադրբեջանի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում և Մինսկը մտադիր չէ որևէ մեկի առջև արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու համար: Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ Մինսկում կայացած հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Sputnik Բելառուս»-ի հաղորդմամբ, նա նշել է, որ այդ հարաբերությունները որևէ փաստաթուղթ կամ միջազգային պայմանագիր չեն խախտում.
«Մեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն խախտում որեւէ միջազգային պայմանագիր, Անվտանգության խորհրդի եւ ամբողջությամբ վերցված ՄԱԿ-ի որեւէ բանաձեւ: Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք եւ իրավասու ենք սահմանել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջմունքներին»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, բելառուսական կողմը պատրաստակամ է օգնել ապահովելու Ադրբեջանի ժողովրդի անվտանգությունը, քանի որ «լավ հիշում է, որ դժվարին ժամանակներում Իլհամ Ալիևը միշտ թիկունք է կանգնել բելառուսական պետությանը»:
Իր հերթին Զաքիր Հասանովը բարձր է գնահատել ռազմատեխնիկական համագործակցությունը Մինսկի հետ եւ ռազմական նշանակության բելառուսական արտադրանքի որակը:
«Ադրբեջանի զինված ուժերն օգտվում են բելառուսական արտադրության զենքից ու տեխնիկայից, եւ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա բարձրորակ զենք է եւ ռազմական նշանակության արտադրանք»,-շեշտել է նա: