24.11.2024
Օդային սահամնն անխախտ է. Ղարաբաղի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները զարախաղեր են անցկացրել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վրաստանում ՀՀ նոր դեսպանի «ոդիստականը»՝ ինչո՞ւ է ձգվում Սերգեյ Մինասյանի ագրեմանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության Վրաստան այցի օրերին ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամներից մեկի և վրացական կողմի միջև: Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ: Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է տվել և չի արձագանքել: Իրավիճակը անարդյունք փորձել է փրկել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Մեր տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին արդեն Երևանին հասկացրել է նոր դեսպանի թեկնածու առաջադրելու վերաբերյալ, և գրեթե կասկածից վեր է, որ Սերգեյ Մինասյանը չի կարող վրացական ագրեման ստանալու հույս ունենալ», - գրում է թերթը։


«Առավոտ» թերթը զրուցել է «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ. Անդրադառնալով «Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը նա նշեց. «Խորհրդարանն ըստ էության պռոռուսական է ձեւավորվել՝ ամբողջությամբ։ Այս պահին նմանատիպ քայլը հեռանկար չունի, որովհետեւ իշխանություններն ամբողջովին ռուսական ենթակայության տակ են, սպասել, որ ինչ-որ փոփոխություն կլինի առանց իշխանությունների փոփոխության՝ սխալ է»։ Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է. «Օգտավետ է հատկապես Սերժ Սարգսյան նախագահից Սերժ Սարգսյան վարչապետ իշխանագահափոխանցության շրջանակում։ Իր գինը բարձրացնելու համար, որ առանց ինձ այստեղ շատ դժվար կլինի, տեսեք, այսպիսի խնդիրներ կան. սա իշխանությանը ձեռք է տալիս»։


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը «Իրավունք»-ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիի՝ «տնային աշխատանքը» կատարելու մասին Հայաստանին ուղղված հորդորին: «Պյոտոր Սվիտալսկին արտահայտվել է՝ կապված վիզաների ազատականացման բանակցությունների հետ ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ տեքստն ինչպիսին է եղել, բայց դրա բնօրինակն եմ ուզում տեսնել։ Եթե անգլերեն է ասվել եւ անգլերենից թարգմանվել է հայերեն, ապա այստեղ կարող էր խնդիր լինել։ Այս դեպքում տնային աշխատանքը մի փոքր վիրավորական է հնչում, բայց անգլերենում homework-ը ոչ թե միայն տնային աշխատանքի իմաստ ունի, այլ այսպես ասած քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է պարտավորությունների իմաստով։


Ամեն դեպքում լավ կլիներ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին, որովհետեւ նման տարըմբռման խնդիր կարող է առաջանալ։ Հասկանում եմ, որ «տնային աշխատանք» արտահայտությունն այս դեպքում ինչ-որ երեխայական, հեգնական նշանակություն ունի, բայց եթե խոսքը պարտավորությունների մասին է, բանական է, որ որպես բանակցող կողմեր՝ եւ՛ Հայաստանը, եւ Եվրամիությունը ստանձնում են պարտավորություններ։ Ավելին՝ մինչեւ այդ պարտավորությունները չկատարվեն, բնականաբար, վիզաների ազատականացում չի լինի։ Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք փաստաթղթին, ապա չեմ կարծում, թե Սվիտալսկին կարող էր նկատի ունենալ այն, որովհետեւ դրա բանակցություններն ավարտված են, եւ մնում է միայն ստորագրման փուլը։ Հետեւաբար, այդտեղ պարտավորություններ կատարելու կամ չկատարելու ոչ մի խնդիր չկա։ Իսկ վիզաների ազատականացման հարցը, որը բանակցային փուլում է գտնվում կամ դեռ չի էլ սկսվել, այդտեղ, բնականաբար, փոխադարձ պարտավորություններ պետք է լինեն, եւ դրանք պետք է երկկողմանի կատարվեն, որ այդ գործընթացը տեղի ունենա»,-ասել է նա»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր քաղաքական նստաշրջանին ընդառաջ, ԲՀԿ «քարոզչական քիլերներին» Գագիկ Ծառուկյանը, որը կրկին «նախագահ ջան» կարգավիճակում է հայտնվել, խստիվ զգուշացրել է՝ ավելորդ ձեն-ծպտուն չհանել, չքննադատել իշխանություններին, այդ թվում՝ կառավարությանը, «ընկերոջ համար հոգի տալ», որովհետև սպասում կա, որ 2018-ին կարող են կոալիցիայում հայտնվել, ինչի «շոշափելի արդյունքներն իրենց մաշկի վրա են արդեն զգում մի շարք ԲՀԿ-ականներ՝ ձեռք բերելով ՀԷԿ-եր, «ԲԷԿ-եր, ՇԷԿ-եր»՝ ժպիտով ասաց մի ԲՀԿ-ական: Մնացածներն էլ պաշտոնի լուռ սպասմամբ են տոգորված: Ասում են նաև, թե այդ «ֆոնին» ԲՀԿ-ի քարոզչական «մասսան» պարապ է մնացել, և որպեսզի «ստաժը չկորցնի», մեկումեջ «բոչկա է գլորում» յուրայինների վրա: Չնայած վերջին օրերի զարգացումներին, ԲՀԿ-ին կրկին «շտուրմ կառավարության վրա» հրահանգն է տրվել:


«Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են: Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»: Պարզվում է՝ քաղաքականության մեջ ընկերությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են կոալիցիոն պայմանավորվածությունները: Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքի անդամների վերաբերմունքի կտրուկ փոփոխության պատճառն այն է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի «ամուսնությունը»: Նախագահի հետ զրույցում Կարեն Կարապետյանը խիստ բացասական է վերաբերվել ԲՀԿ-ի հետ կոլաիցիա կազմելու հեռանկարին: Սա, անշուշտ, չէր կարող Գագիկ Ծառուկյանի սրտով լինել, ուստի արտաքուստ նա կմնա Կարեն Կարապետյանի ջերմ ընկերը, իսկ խմբակցությամբ՝ «ոխերիմ թշնամին», գրում է թերթը:


«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան և ԱԱԾ Պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Նրա լիազորությունները փոխվելու են, և այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որոնք ավելի եկամտաբեր են: Մեր տեղեկություններով՝ նրա ոլորտային այս տեղափոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություններով: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներուժի մասին: Հայտնի է, որ Կ. Կարապետյանի ընտանիքն ու հատկապես փոխնախարար Հ. Հարությունյանը պաշտոնապես համակարգելուց զատ, սեփական բիզնես պլաններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ամերիկյան կողմը ուսումնասիրելով ներդրումային հնարավորությունները՝ ըստ էության շահերի բախում է նկատել, այդ պատճառով էլ ակնարկել է վարչապետի փեսայի կողմից էներգետիկայի այդ ճյուղը համակարգելու անցանկալիությունը: Ի դեպ, Հայկ Հարությունյանն այսօր մեկնում է Ծաղկաձոր արևային էներգետիկայի կայանի բացմանը ներկա լինելու համար: Հավանաբար դա այդ ոլորտում նրա վերջին այցը լինի»:


«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, Գերմանիայում նոր բիզնես է հիմնել։ Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է այնտեղ կամ շրջագայում Գերմանիայի հարեւան երկրներում։