VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ գարնանը մի շարք կարեւոր որոշումներ պիտի կայացնի իշխանությունը՝ թե ով է 2018-ից զբաղեցնելու վարչապետի, ՀՀ նախագահի, ՍԴ, ԿԸՀ, Վերահսկիչ պալատի նախագահների եւ ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնները։ Միանձնյա ղեկավարի բացակայության պայմաններում այս պաշտոնների դերակատարումը մեծանում է երկրում, եւ դրանցից մի քանիսի միավորվելու դեպքում կարող է իշխանափոխություն, երկրի կուրսի փոփոխություն արձանագրվել։
Մեր տեղեկություններով, այս բոլոր պաշտոններում Սերժ Սարգսյանն ուզում է նշանակել տարիների ընթացքում իրենց հավատարմությունն ապացուցած անձանց։ Եվ քանի որ չի կարելի թերագնահատել նաեւ ՀՀ նախագահի դերը, ուստի այս պոստն զբաղեցնող անձն էլ պետք է վստահելի լինի։ Տարբեր անուններ են հնչում այս պաշտոնի համար, հատկապես Գագիկ Հարությունյանի անունն է շոշափվում։ Սակայն նա առողջական խնդիրներ ունի, տարիքն առաջացած է, ուստի, մեր տեղեկություններով, քննարկվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը։ Նրա անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր պաշտոնների առնչությամբ, քանի որ Սերժ Սարգսյանի ու նրա ջերմ հարաբերությունների մասին բոլորը գիտեն։ Այս պարագայում կարող է խանգարել միայն ղարաբաղցի լինելու հանգամանքը»:
«Հրապարակ» թերթը գրում է. Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք ոչ այնքան աշխատում են, որքան խաղում՝ բարձրագոչ ելույթներ, զինծառայողների հետ սեղան նստել, շարքային մարդկանց ձեռքով բարեւել, Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում, սահմանին նկարվել։ Հազար դրամների նախաձեռնությունից, «Ազգ-բանակ» եւ այլ վիճելի նախագծեր շրջանառության մեջ դնելուց հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ձեռնամուխ է եղել ազգային-հայրենասիրական նուրբ լարերի վրա խաղալու գործին։ Նա ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ է անցկացնում վերջին օրերը՝ մեկ այցելում է ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղկեպսակ դնում 1915 թ․ զոհերի հիշատակին, մեկ նրանց տանում է Էջմիածին՝ կաթողիկոսի օրհնությունն ստանալու, եւ եկեղեցում խոհուն դեմքով մոմ է վառում։ Ակնհայտ է, որ մեր պաշտպանության վերջին նախարարները երազում են երկրի ղեկը ստանձնելու մասին եւ աշխատում են միայն իրենց իմիջի վրա։Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=154350&l=am/
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոսրովի արգելոցի եւ Արտավանի հրդեհների թեժ օրերին կանխատեսել էինք, որ կառավարության առաջիկա նիստում դիտարժան է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունը Բնապահպանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարների հետ: Աղետն ու դրա կանխարգելման եւ հաղթահարման աշխատանքներում ի հայտ եկած բացերը ենթադրում էին, որ խնդիրը կքննարկվի կառավարության նիստում, երկու նախարարները զեկուցումով հանդես կգան, վարչապետը հարցեր կտա եւ այլն: Այսօր հրդեհից եւ վարչապետի արձակուրդից հետո կառավարության առաջին նիստն էր, բայց այդպես էլ որեւէ դիտարժան տեսարանի ականատես չեղանք: Կառավարության նիստի ողջ ընթացքում հրդեհների թեման առհասարակ չշոշափվեց: Ոչ հարց, ոչ պատասխան, ոչ զեկույց: Ոչ մի բառ: Սա նորմալ չէ, որովհետեւ հապա որտե՞ղ, եթե ոչ կառավարության նիստում պետք է քննարկվեին բացերը, թերությունները, հնչեին վերականգնողական աշխատանքների ուղղություններն ու ժամկետները:
Մի քանի օր առաջ «Բազեների» հետ հանդիպումից հետո վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատասխանատու նախարարները պաշտոնա՞նկ կարվեն, ասել էր. «Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմերը, մեր կառավարիչները ինչպե՞ս են արձագանքել, ո՞նց են արել, պատրա՞ստ են եղել, թե՞ չէ: Անկախ նրանից` մունիցիպալ իշխանություն, թե բնապահպանություն, թե արտակարգ իրավիճակներ»: Կառավարության նիստում վարչապետն առնվազն պետք է իր նշած վերլուծություններն անելու հանձնարարական տար, ինչը նույնպես չի արել: Ինչպես արդեն նշել ենք, երկու նախարարները վարչապետի համար անձեռնմխելի պաշտոնյաներ են, եթե նույնիսկ նա այսօր էլ վերլուծություն ու համոզմունք ունենա, որ նրանք լավ չեն աշխատել, ապա չի կարող նրանց ազատելու որոշում կայացնել: Կյանքը ցույց տվեց, որ նա նույնիսկ չկարողացավ նրանց թույլ եւ ուժեղ կողմերը վերլուծելու հանձնարարական տալ:
Եվ ընդհանրապես, այդ թեմայով հանձնարարականներ առաջին իսկ օրից Սերժ Սարգսյանն է տալիս, որի մոտ մի քանի խորհրդակցություններ եղան: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը օրեր առաջ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հստակ ձեւակերպեց իրավիճակը: «Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է եւ, բնականաբար, որեւէ գործողություն՝ հրաժարական կամ դիմում հեռանալու մասին՝ քաղաքական գործընթաց է։ Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅ Դաշնակցություն կուսակցության եւ հանրապետության նախագահի որոշումների հիման վրա եւ, բնականաբար, որեւէ գործողություն պետք է դիտարկվի նաեւ այդ համատեքստում»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Սա նշանակում էր նաեւ, որ վարչապետն էլ չի կարող իրեն պաշտոնանկ անել, քանի որ այդ պաշտոնը զբաղեցնում է Սերժ Սարգսյանի որոշմամբ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը Երեւանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երեւան- 2799» հոբելյանական լոգոյով գրվածքով: Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաեւ, որ կոնյակներն ունենան 10 տարվա հնեցում:
Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, որի բանակը հակառակորդի դեմ կռվում է 80-ականների զենքով, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի համապատասխան տեխնիկասարքավորումներ՝ հրդեհները հանգցնելու համար, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն»: