23.11.2024
Մամուլ. Ո՞վ է ՀՀ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն
prev Նախորդ նորություն

Զինծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. Սարսգայնը Սարդարապատում

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը:


Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի ամուլի ծառայությունից, նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմաուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ եւ մաղթել բարի ծառայություն ու մեծ հաջողություններ:


ՀՀ ՊՆ հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է առաջին սպայական «Լեյտենանտ»-ի կոչում: Միջոցառման շրջանակներում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները ստացել են իրենց ավարտական փաստաթղթերը եւ դաշույնները, որոնք նրանց հանձնել են Հանրապետության Նախագահը եւ ԱԱԽ անդամները: Հանրապետության Նախագահն արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով:


Միջոցառումն ավարտվել է մարտական դրոշներին շրջանավարտների հրաժեշտի արարողությամբ եւ հանդիսավոր քայլերթով:


Միջոցառմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասվում է.


«Սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարեւոր փուլն ամփոփելու կապակցությամբ: Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը եւ այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով:


Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետեւելու են մեր քաջարի զինվորները:


Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաեւ ձեր ենթակաների նկատմամբ:


Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու:


Վստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ եւ փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն եւ հենարան դառնան ձեզ:


Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին:


Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը եւ խաղաղությունը երաշխավորելն է:


Հարգելի՛ զինվորականներ,


«Մեկը՝ բոլորի եւ բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին եւ գրողին, վարորդին եւ ծրագրավորողին, ոսկերչին եւ երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը եւ այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը:


Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, եւ հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից:


Այդ դրական արժեքների եւ ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը եւ մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում եւ ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք:


Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է: Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար:


Այստեղ, ուր թեւածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլեւ մեր պետականության հարատեւությունն ապահովելու պատասխանատվությունը:


Սիրելի՛ շրջանավարտներ,


Հարգելի՛ զինվորականներ,


Կրկին շնորհավորում եմ ձեզ: Մաղթում եմ բոլորիդ բարի ծառայություն եւ մեծ հաջողություններ: Դրանք, անկասկած, լինելու են մեր ողջ ժողովրդի հաջողությունները»: