Լոռու մարզում, 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագիրն այսօր հավանության արժանացավ կառավարության կողմից:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հիշեցրեց, որ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագիծը գրվել է դեռևս նախորդ դարի 60-ականներին: Նրա խոսքով, բոլոր եզրակացությունները հավաստում են, որ թերօգտագործված են մնում Դեբեդ և Արաքս գետերի ռեսուրսները:
«Հավանության արժանանալու դեպքում այն կկառուցվի պետություն-մասնավոր շրջանակներում՝ «Հայաստանի ներդրողների ակումբի» հետ համատեղ, և սա այդ ակումբի առաջին խոշոր ծրագիրն է: Ըստ հաշվարկների՝ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրումների թիվը կհասնի 150-180 միլիոնի, սակայն սա վերջնական չէ: Ծրագրի հիմնական խնդիրը կազմում է 22 կմ երկարությամբ թունելները, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումների չափի համար:«Շնող»-ը ժամանակակից է լինելու, բնապահպանական տեսանկյունից էլ հնարավորինս անվտանգ»,- ներկայացրեց նախարարը:
Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ ՀԷԿ-ը շահագործման հանձնելուց հետո այն կբավարարի ներքին սպառման 5%-ը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտարարելով, որ ներկայացվածը լավ ու հեռանկարային ծրագիր է, հավանության արժանացրեց նախագիծը:
Նշենք, որ համաձայն որոշման՝ ՀԷԿ-ը կառուցելու է «Դեբեդ հիդրո» ընկերությունը, որի հիմնադիրը «Էներգոինվեստ հոլդինգ» ընկերությունն է: Իսկ «Էներգոինվեստ հոլդինգի» սեփականատերը գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող «Տաշիր կապիտալ» ընկերությունն է:
Այստեղ հարկ է հիշեցնել նաև այն, որ «Հայաստանի ներդրողների ակումբը», որի հետ համատեղ պետք է կառուցվի ՀԷԿ-ը, ստեղծվել էր վարչապետ Կարեն Կարապետյանըի նախաձեռնությամբ ու Ռուսաստանի հայ գործարարների մասնակցությամբ՝ ի դեմս Սամվել Կարապետյանի: