24.11.2024
Մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա, եթե...
prev Նախորդ նորություն

Վիրաբյան. Ինչքա՜ն հաց-պանիր պիտի ուտեն կյանքի ընթացքում, որ Մյասնիկյանի արածի կեսն անեն

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ընդդիմադիր «Ելք» դաշինքի թիրախում ամեն ռուսականն է: Թեև Հայաստանում բազմաթիվ են ներքաղաքական ու սոցիալական խնդիրները, բայց «Ելք»-ը ներսի խնդիրները թողած՝ դրսի ուրվականների դեմ է պայքար մղում: ԵԱՏՄ-ից դուրս գալու ֆոնին, ընդդիմադիր այս դաշինքը նոր թիրախ է առաջ քաշել՝ անվանափոխել մայրաքաղաք Երևանի բոլոր փողոցները և դպրոցները, որոնք բոլշևիկների անունն են կրում:

Օրերս Երևանի ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սեպտեմբերին մեկնարկող նիստերին պատրաստվում են սկսել քննարկումները այդ հարցի շուրջ, թեև «իշխանությունների ներսում մեծ դիմադրություն կա»՝ ստալինյան ժամանակաշրջանի Խորհրդային Հայաստանի գործիչների՝ Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անունները կրող փողոցների անվանափոխման հետ կապված:

VERELQ-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ զարմանում է, երբ նման առաջարկներ են հնչում՝ հատկապես, երբ խոսքը կոնկրետ անունների մասին է.

«Ես չեմ հասկանում՝ եթե նրանք Մյասնիկյանին են նկատի ունեցել, ապա նա ի՞նչ բոլշևիկ: Կամ Շահումյանին, Խանջյանին... ես կտրականապես դեմ եմ կոնկրետ այս և մի քանի այլ փողոցների անկանափոխմանը: Բայց, ինչ խոսք, Երևանում կան փողոցներ, որոնք իսկապես հարկ է անվանափոխել, օրինակ Լենինգրադյան փողոցը. Լենինգրադը վաղուց արդեն դարձել է Սանկտ Պետերբուրգ, բայց մենք Լենինգրադյան փողոց ունենք»,- ասաց նա:

Այն փողոցների շարքում, որոնք, ըստ Վիրաբյանի, իսկապես հարկ է անվանափոխել, Ֆրունզեի, Ջամբուլի փողոցներն են՝ Ազգային արխիվի տնօրենը զարմանում է, թե ինչու ժամանակին, երբ մի շարք փողոցներ անվանափոխվեցին, սրանք մնացին անփոփոխ: Նույն Ջամբուլի փողոցը. Երևանցիների մեծ մասը, համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը, անգամ գաղափար էլ չունի, թե դա ով է, իսկ Ջամբուլը ղազախստանում պարզապես թափառական աշուղ է եղել:
Ինչ վերաբերում է Միկոյանի փողոցին, ապա այն մի քանի տարվա պատմություն ունի և, Ամատունի Վիրաբյանի խոսքով, իշխանություններին է պետք հարցնել, թե ինչու մի քանի տարի առաջ որոշում կայացվեց երևանյան փողոցներից մեկը անվանափոխել, բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է այն անվանափոխել:

«Դա շատ սխալ մոտեցում է քաղաքական դրդապատճառներով փորձել փոխել պատմությունը: Ի վերջո, նրանք բոլորն էլ մեր կյանքի ինչ-որ մասն են եղել ու քիչ բան չեն արել: Սխալ է, երբ քաղաքական ուժը գալիս ու հայտարարում է, որ պիտի փոխեն... եթե իրենք Մյասնիկյանին նկատի ունենա, ապա դեռ ինչքա՜ն հաց ու պանիր պիտի ուտեն կյանքի ընթացքում, որ նրա արածի կեսն անեն գոնե»,- հավելեց Վիրաբյանը:

Նշենք, որ անդրադառնալով հարցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը մամուլից է տեղեկացել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության այս առաջարկի մասին, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել, երբ առաջարկը ներկայացվի.

«Մամուլով եմ տեսել, թող առաջարկները ներկայացնեն, կքննարկենք»,-ասել է նա: Իսկ հարցին, թե ինքն անձամբ ինչպես է դրան վերաբերում, խուսափել կոնկրետ դիրքորոշում արտահայտելուց՝ կրկնելով.


«Մի հատ առաջարկները հասկանանք, հետո մենք մեր կարծիքն անպայման կհայտնենք»։