Ուժային գործողություններով Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել միջնորդներին. ԱԳՆ
Այս պահին շփման գծում համեմատաբար անդորր է, բայց դա չի նշանակում, որ մինչ այդ Հայաստան-Ադրբեջան սահմանին չկային համապատասխան գործողություններ: Հարաբերական անդորրը չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր աչալրջությունը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի քաղաքականությունը եղել և մնում է ուժային:
«Ուժային գործողություններով Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել միջնորդներին, սակայն գնալով համոզվում է, որ փորձերն ապարդյուն են: Բաքվում տեսնում են, որ միջնորդները հետևողական են իրենց գործողություններում ու հայտարարություններում: Բայց հարաբերական անդորրը չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր աչալրջությունը, ճիշտ հակառակը»,- ընդգծեց նա:
Շավարշ Քոչարյանը, հղում անելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Իրանի պաշտոնական հայտարարություններին ասաց, որ Ադրբեջանի և Հայաստանի հարևաններից ոչ մեկին ձեռնտու չէ ուժային լուծումը, քանզի խաղաղ կարգավորումը բխում է նաև նրանց շահերից.
«Եվ Ադրբեջանը այդ հայտարարությունը կարող է ընկալել որպես ուղերձ»,- հավելեց նա: