22.11.2024
Ոստիկանությունը կվերականգնի լրատվամիջոցներին հասցված վնասները. Գասպարյան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը ցանկանո՞ւմ է վերահսկողության տակ վերցնել ՀՀ էներգետիկ շուկան

Ռուսաստանը չի հեռանա Հայաստանի էներգետիկ շուկայից՝ անկախ այն գործընթացներից, որոնք այսօր տեղի են ունենում, մասնավորապես հասարակական դժգոհությունը սակագների հնարավոր թանկացման և Հայաստանի էլեկտրական ցանցերի անարդյունավետության պատճառով: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում նշել է Մաքուր էներգիա ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Վահե Դավթյանը:

«Իհարկե, ընդհանուր առմամբ Հայաստանի էներգետիկ համակարգն ունի բավականին մեծ կորուստներ՝ չնայած նրան, որ համապատասխանում է բոլոր միջազգային նորմերին և գործում է անխափան: Խնդիրը պետք է դիտարկել նաև ռուսական բիզնեսի որակի և արդյունավետության տեսանկյունից: Միանշանակ է, որ ռուսական բիզնեսը իրեն բավականին խոցելի է ներկայացրել և դա վերաբերվում է ոչ միայն էլեկտրական ցանցերին: Դրա հետ մեկտեղ ամեն ինչ բարդել ռուսական կողմի վրա նույնպես անարդար է», - նշել է Դավթյանը:

Մեկնաբանելով Երևանի կենտրոնում զանգվածային ակցիաները՝ Դավթյանը նշել է, որ ռուսական կողմը ուշադիր հետևում է այդ իրադարձություններին, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը: «Կարծում եմ, որ ի վերջո կողմերը՝ հայ հասարակությունը, իշխանությունները և ռուսական կողմը կգան փոխջիզման և իրավիճակը հնարավոր կլինի շտկել», - նշել է Դավթյանը:

Ռուսական Ինտեռ ՌԱՕ-ի 100% մասնաբաժնով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" դուստր ընկերությունը մայիսի 5-ին Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողով պաշտոնական հայտ է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ: Ընկերությունը առաջարկել է ցերեկային սակագինը այսօրվա 41,85 դրամի փոխարեն բարձրացնել մեկ կիլովատ ժամի համար մինչև 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը՝այսօրվա 31,85 դրամի փոխարեն սահմանել 48,93 դրամ:

Հունիսի 17-ի նիստի ընթացքում, չնայած հասարակության բուռն դժգոհության որոշում է կայացրել հայտի մասնակի բավարարման հետ կապված: Նիստի արդյունքում որոշում է կայացվել սակագները բարձրացնել 6.93 դրամով՝ 17 դրամի փոխարեն: Որոշումը հասարակությանը բացասական արձագանքին արժանացավ, ինչի հետևանքը բողոքի զանգվածային ցույցներն էին: Հունիսի 22-ին ցուցարարները փակել են Երևանի Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը: Բողոքի ցույցը ցրվեց հունիսի 23-ի առավոտյան ոստիկանական ուժերի կողմից, սակայն այն վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան:

Պետք է նշել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չի բավարարել նաև Հայաստանի էլցանցերին: Ընկերությունում շարունակում են պնդել 17 դրամով բարձրացնելու անհրաժեշտության մասին՝ հակառակ պարագայում զգուշացնելով անխափան էներգամատակարարում ապահովելու անհնարինության մասին:

Բողոքի ցույցերը մեկնաբանել է նաև Ինտեռ ՌԱՕ ընկերությունը: Ինչպես նշել է ընկերության մամուլի խոսնակ Նիկոլայ Գորելովը, Ինտեռ ՌԱՕ-ն Հայաստանում բիզնեսով է զբաղվում, այլ ոչ թե քաղաքականությամբ և այդպիսի ակցիաներին չի մասնակցելու: Նա նաև նշել է, որ սակագների վերանայման մասին խոսքը չի գնում և մինչև օգոստոսի 1-ը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը ուժի մեջ մտնելու ժամկետը, Ինտեռ ՌԱՕ-ն վերլուծելու է իրավիճակը:

Անդրադառնալով այն հարցին, հնարավոր է արդյոք Հայաստանի էլցանցերը հրաժարվեն լիցենզիայից բանակցությունների, անդրկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում, հաշվի առնելով ամերիկյան կողմի ակտիվացումը, Դավթյանը նշել է, որ Հայաստանի էլցանցերի կողմից իր պարտականությունների լիարժեք կատարումից հրաժարվելը չի բացառվում, սակայն Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ համակարգից հեռանալ չի պատրաստվում: Եվ ամերիկյան ներկայության ավելացման մասին խոսակցությունները վաղաժամ են՝ չնայած Որոտանի կասկադի ՀԷԿ-ի վաճառքին ամերիկյան ընկերությանը:

«Բանը այն է, որ ռուսական ընկերությանն այլընտրանք գոյություն չունի: ԱՄՆ-ը երբեք ներդրումներ չի անի Հայաստանի էներգետիկ համակարգում, ըստ սահմանման: Վերջին 25 տարվա փորձը ցույց է տալիս, որ Վաշինգտոնն իր արտաքին քաղաքական գործունեությունը կառուցում է հումանիտար ինտերվենցիաների միջոցով, որոշակի արժեքների տարածում, ինստիտուտների արդիականացում, տարբեր ոչ կառավարական ուժերի հետ աշխատանքներ: Ամերիկացիների լիարժեք ներգրավվածություն ՀՀ-ի տնտեսական համակարգի մեջ չի լինելու, Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման այլընտրանք նրանք չեն կարող առաջարկել»,-նշել է Դավթյանը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ի ողջ էներգետիկ համակարգը կառուցվել է խորհրդային շրջանում, խորհրդային՝ ռուսական չափանիշներով, իսկ դա նշանակում է ամերիկացիների լիարժեք ներգրավվածություն սպասել պետք չէ: