ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է ՌԴ, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Նշվում է, որ օրինագծի ընդունման օգտին է քվեարկել 98 սենատոր, դեմ՝ միայն 2-ը:
Օրինագիծը կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, որը վետոյի իրավունք ունի: Ավելի վաղ Սպիտակ տանից հայտնել էին, որ օրինագիծն այս ձևով ընդունելի է նախագահի Թրամփի վարչակազմի համար:
Ավելի վաղ աղբյուրները ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, թե ի պատասխան ինչ քայլեր է ձեռնարկելու Մոսկվան՝ դա հավանաբար կլինի մի շարք ամերիկացի դիվանագետների արտաքսումը, ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակի սահմանափակումը և ՌԴ-ում ԱՄՆ-ին պատկանող գույքի նկատմամբ կալանքի կիրառումը:
Նշվում էր նաև, որ քննարկվում է ոչ սիմետրիկ քայլերի հնարավորությունը: Միևնույն ժամանակ Կրեմլում վաղաժամ են համարում Մոսկվայի արձագանքի մասին խոսելը: «Սպասենք մինչև օրինագիծը ստորագրվի»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սա Թրամփի կառավարման օրոք Կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ ընդունված առաջին կարևոր փաստաթուղթն է:
Ռուսաստանը դեռ վերջնական տեսակետ չի ձեւավորել ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրինագծի կապակցությամբ, քանի որ այն դեռ ընդունված չէ, բայց Վաշինգտոնը արդեն վաղուց է սադրում Մոսկվային։ Այս մասին հուլիսի 27-ին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր ֆին գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեռ չենք տեսել վերջնական տարբերակը, դրա համար էլ այդ մասին վերջնական տեսակետ նույնպես չկա։ Բայց մենք տեսնում ենք, որ երկար ժամանակ մեզ փորձում են մշտապես սադրել՝ մեկ մեծ քանակության դիվանագետների են արտաքսում առանց պատճառները բացատրելու, մեկ դիվանագիտական սեփականությունն են օտարում, ինչը առհասարակ բոլոր շրջանակներից դուրս է, քանի որ հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, դիվանագիտական հարաբերություններին»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը արձագանքելու, եթե օրինագիծն ընդունվի։
Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Կոնգրեսը հրապարակել է փաստաթղթի տեքստը, որին սատարել են երկու կուսակցությունները:
Հունիսին Սենատի կողմից հավանության արժանացած նմանատիպ օրինագիծը չդրվեց քվեարկության ընթացակարգային պատճառներով: Ինչպես նշվում է, ներկայացված փաստաթղթի տեքստը փաստացի նախորդ փաստաթղթի կրկնությունն է: