Ինչպես հայտնի է, առաջիկա օրերին Արցախի հանրապետության խորհրդարանն ընտրելու է անցումային շրջանի նախագահին: Անցումային շրջանը, համաձայն նոր Սահմանադրության, 2017-2020 թթ-ն է:
Մինչ այսօր ԼՂ խորհրդարանի խմբակցությունները կարող էին անցումային շրջանի նախագահի իրենց թեկնածուին առաջադրել, սակայն պարզվեց, որ ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանն անփոխարինելի է. ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» խմբակցությունից բացի խմբակցություններն առաջադրել են գործող նախագահի թեկնածությունը։
Ի տարբերություն Հայաստանի, որտեղ սահմանադրական բարեփոխումները երկրին տեղափոխեցին խորհրդարանական կառավարման, Արցախը գնաց այլ ճանապարհով և ընտրեց կառավարման ավելի ուժեղ՝ լիրարժեք նախագահական համակարգ:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր՝ գործող նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․ հուլիսին, իսկ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ 2020թ․։ Մինչև 2020թ․, երբ տեղի կունենան նախագահական ուղղակի ընտրություններ, նախագահին կընտրի խորհրդարանը։
Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բակո Սահակյանի՝ երկու ժամկետ նախագահելու սահմանադրական արգելքի հաղթահարումն է։ Այսինքն այժմ Բակո Սահակյանը կկարողանա որպես խորհրդարանի կողմից ընտրված նախագահ ղեկավարել մինչև 2020թ․․ իսկ դրանից հետո հնարավորություն կունենա ևս երկու անգամ ընտրվել նախագահ։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ այդպիսով Բակո Սահակյանը տեսականորեն հնարավորություն կստանա Արցախը ղեկավարելու մինչև 2030թ․՝ ընդհանուր առմամբ՝ 23 տարի։
«Դեռևս 2016թ. փետրվարից ես հրապարակայնորեն խոսում էի Բակո Սահակյանի նախագահության շրջանի երկարաձգման մասին: Այդպիսի դատողություններ անել ինձ թույլ էր տալիս Սահակյանի մերձավոր շրջապատի անձնական զրույցներում արտահայտած մտքերը: Որոշակի խումբ մարդիկ ուղղակի ուզում էին թագավոր ունենալ իրենց գլխին և նախագահի պաշտոնում որևէ կերպ չէին պատկերացնում մեկ այլ գործչի, քան Բակո Սահակյանն է, թեկուզ իրենց շրջապատից: 2016թ. օգոստոսին արդեն հստակ էր, որ Բակո Սահակյանը ցանկանում է մնալ նախագահի պաշտոնում: Արցախի կուսակցությունների հետ հանդիպմանը ես հստակ և ուղղակի հարց տվեցի նրան այդ մասին: Այնուամենայնիվ, Բակո Սահակյանի պատասխանն իմ հարցին ի վերջո դրական էր․ նա ասաց, որ ցանկանում է նախագահ մնալ նաև 2017-2020թթ.: Իմ հարցին, թե արդյոք նոր սահմանադրության ընդունումից հետո ինքը կարող է առաջադրվել նաև 2020 և 2025 թվականների համապետական նախագահական ընտրություններում, սահմանդրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահի պատասխանը նույնպես դրական էր: Այսպիսով, Բակո Սահակյանի առաջադրմանը մենք ականատես ենք լինում այսօր և ականատես կլինենք 2020 և 2025 թթ.: Սա միանշանակ հակասահմանադրական, հակաժողովրդավարական գործընթաց է, որը երկիրը տանում է դեպի թուլացում»,- հայտարարել էր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԱՀ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը։
Արցախում հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին: