Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել: Միակ հույսը նա է, որ դա բոլորը ժամանակին կհասկանան: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Զենք վաճառում են այն երկրներին, ովքեր նպատակ ունեն այն օգտագործել ինքնապաշտպանության համար: Այդ մասին մենք ասում ենք նաև մեր ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ և հուսով եմ, որ դա բոլորը ժամանակին կհասկանան», - հայտարարեց նա:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Մոսկվայի կողմից Ադրբեջանին սպառազինեկը չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը։ Առավել ևս, որ պաշտպանության ոլորտում հայկական կողմը շատ լուրջ համագործակցություն է ապահովել ռուսական կողմի հետ և դա լինելու է շարունակական:
«Հայաստանն ու Ռուսաստանը իրականացնում են դաշնակցային գործընկերության պայմանագրի բոլոր դրույթները: Մեկ անգամ չէ, որ մեր դժգոհությունը հայտնել ենք Ադրբեջանին զենք վաճառելու մասին, բայց չպետք է հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորենք միայն ռուս-ադրբեջանական հարաբերություններով, քանի որ մեր երկկողմ հարաբերությունները շատ ավելի խորն են ու շատ ավելի բազմաշերտ են։ Մեզ դա ձեռնտու է, ինչպես նաև Ռուսաստանի շահերից է բխում՝ Հայաստանի հետ ունենալ դրական հարաբերություններ», - ասաց նա:
Անդրադառնալով նախօրեին Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, Շարմազանովը նշեց, որ համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատեցին բացառապես բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի լուծումը: Բացի այս, հանդիպումից ակնհայտ էր, որ հայկական կողմը պնդում է, որ, առանց պայմանավորվածությունների կյանքի կոչման հնարավոր չէ վերսկսել բանակցությունները ՝ հայկական կողմը մատնանշեց, որ Ադրբեջանն է, որ չի կատարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները և պարբերաբար սրում է իրավիճակը սահմանում:
«Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ է սերտել հիտլերյան Գերմանիայի դասերը և իր բնակչությանն օգտագործում է որպես վահան: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր փուլ է թևակոխել և, հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը, համանախագահողները պետք է ճանապարհ ընտրեն, գուցե «պրեսինգի» միջոցով, բայց այնպես անեն, որ Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունները»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: