24.11.2024
Տաս տարի անց Ռուսաստանը դարձյալ կարող է գազ մատակարարել է Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Արցախում նախագահի պաշտոնում դարձյալ առաջադրվել է Բակո Սահակյանի թեկնածությունը

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում կառաջադրի գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:


Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) համագումարը։ Համագումարին ԱԺԿ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Սվետլանա Դավթյանը համագումարին առաջարկություն է ներկայացրել լիազորել խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը, հայտնում է civilnet-ը:


Համագումարը միաձայն ընդունել է առաջարկը, ինչպես նաեւ կուսակցության առաջիկա անելիքների մասին որոշումը: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որը ղեկավարում է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի երկրորդ մեծ կուսակցությունն է՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունից հետո, որը ղեկավարում է վարչապետ Արայիկ Հարությունյանը։


Լեռնային Ղարաբաղում 2017թ․ փետրվարին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարում ուժեղ և գերկենտրոնացված կառավարմամբ նախագահական համակարգի, վերացվում է վարչապետի ինստիտուտը։


Գործող նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․ հուլիսին, իսկ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ 2020թ․։ Մինչև 2020թ․, երբ տեղի կունենան նախագահական ուղղակի ընտրություններ, նախագահին կընտրի խորհրդարանը։


Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բակո Սահակյանի՝ երկու ժամկետ նախագահելու սահմանադրական արգելքի հաղթահարումն է։ Այժմ, ըստ ընդդիմադիրների, Սահակյանը կկարողանա որպես խորհրդարանի կողմից ընտրված նախագահ ղեկավարել մինչև 2020թ․․ իսկ դրանից հետո հնարավորություն կունենա ևս երկու անգամ ընտրվել նախագահ։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ այդպիսով Բակո Սահակյանը տեսականորեն հնարավորություն կստանա Արցախը ղեկավարելու մինչև 2030թ․՝ ընդհանուր առմամբ՝ 23 տարի։


Արցախում հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին: