24.11.2024
Մոսկվայում մահացել է մեդիամենեջեր, հայտնի բլոգեր ու լրագրող Անտոն Նոսիկը
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի վստահելի գործընկերը

Հայաստանը բազմիցս է ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս հիմնական ոլորտների, տարբերակման սկզբունքի և այլ դրույթների կարևորությունը, որոնք հանդիսացել են վերջին երկու տարում Արևելյան գործընկերության շրջանակներում գործադրված մեր ջանքերի ուղենիշը: Հայաստանը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել` «Հորիզոն 2020»-ը, «COSME»-ն, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա»-ի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը նախատեսում է շուտով ավարտին հասցնել: Այս մասին Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 


ՀՀ ԱԳ նախարարը հատուկ ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Հայաստանը նախաստորագրել է և նախատեսում է ստորագրել այս տարվա նոյեմբերին Բրյուսելում:


«Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները: Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնցից մեկին կցանկանայի անդրադառնալ՝ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Շարժունակությունն ու մարդկանց միջև շփումները, որոնք ընկած էին Արևելյան գործընկերության հիմքում, պետք է շարունակեն մնալ որպես այդպիսին»,- ասել է Նալբանդյանը:


Ինչ վերաբերում է համագործակցության հեռանկարներին, Հայաստանի նախարարը հիշատակել  է Յոհաննես Հանի` Լյուքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպմանը հնչեցրած գաղափարները, մասնավորապես նրանք, որոնք վերաբերում են Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնմանը, ռոումինգի սակագների հարմոնիզացիային և նվազեցմանը, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորմանը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, թե կարծում է, որ այս առաջարկները կարող են ներառվել ապագա համագործակցության օրակարգում, որը համալրված կլինի բազմաթիվ այլ փոխշահավետ ծրագրերով:


Անդրադառնալով գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր խնդիրներից մեկին՝ Եզրափակիչ հռչակագրի նախագծի մշակմանը, ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու այնպիսի մի փաստաթղթի մշակմանը, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը և կուղղորդի գալիք տարիների ջանքերը:


Իր ելույթի ավարտին նա նշել է, որ Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցությունն իր նպաստն է բերել Հայաստանում բարեփոխումների գործընթացում և հավաստիացրել, որ Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները.


«Եվրոպական միությունը եղել և մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում։ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը և ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն»,- հավելել է նա: