Վերադառնալ բանակցություններին. ՄԱԿ-ը հրատապ դիմել է ԼՂ հակամարտության կողմերին
«Բանակցային հարթակ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է», - ասված է ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված ՄԱԿ-ի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սրված իրավիճակով: Այդ մասին իր հայտարարության մեջ նշել է ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դույարիքը.
«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ հրադադարի վերջին խախտումներով շփման գծում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ շրջանում: Հրավիրում ենք բոլորի ուշադրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը Ֆիզուլիի շրջանի Ալքանլի գյուղում բռնությունների դեպքերի վրա, որոնք մարդկային զոհերի հետեւանք դարձան: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողություններից եւ անմիջապես քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման եւ ապագա բռնությունների կանխման նպատակով: Բանակցային սեղանի շուրջ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»:
Հիշեցնենք, հուլիսի 4-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու եւ Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետեւանքով հակառակորդը կորուստներ ունի:
Այդ դեպքերի առնչությամբ հայտարարությամբ հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի եւ մարդկային ուղին այս երկարատեւ հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»,- ասված է հայտարարության մեջ:
ԼՂ համակարտության գոտում իրավիճակի կտրուկ լարման մասին խոսել էր նաեւ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքով հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անընդունելի է Ռուսաստանի համար: Նրա խաոսքվ, պաշտոնական Մոսկվան կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար: