Արցախը երբեք չի թիրախավորի խաղաղ բնակչությանը, բայց լռեցնելու է Ադրբեջանի կրակակետերը. ՊԲ
07.07.2017
Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը: Հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
«Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ հակառակորդ երկրի՝ միջազգային հանրությանը, մասնավորապես Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին մոլորեցնելու մարտավարությունը նոր երևույթ չէ: Դեռևս 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո կազմակերպվեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացվեց ադրբեջանական «փառահեղ» բանակի հաջողությունները, որոնց արդյունքում «ազատագրվել» է այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր գտնվում 1994թ. հունվարից ի վեր:
Կարևոր ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են: Եվ հավատարիմ մնալով փաստերի լեզվով խոսելու մեր մարտավարությանը, ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը: Սրանից բխող հետևությունները թողնում ենք բանական մարդկանց առողջ տրամաբանությանը:
Վերջում հավելենք նաև, որ հուլիսի 7-ին՝ ժամը 09:00-ից սկսած հակառակորդը հարավային ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ Դ-44 հրանոթներից ու հաստոցավոր հակատանկային նռնականետերից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը»,- ասված է պաշտոնկան հաղորդագրության մեջ:շ
Հիշեցնենք, հուլիսի 4-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու եւ Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետեւանքով հակառակորդը կորուստներ ունի:
Այդ դեպքերի առնչությամբ հայտարարությամբ հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի եւ մարդկային ուղին այս երկարատեւ հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»,- ասված է հայտարարության մեջ:
ԼՂ համակարտության գոտում իրավիճակի կտրուկ լարման մասին խոսել էր նաեւ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքով հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անընդունելի է Ռուսաստանի համար: Նրա խաոսքվ, պաշտոնական Մոսկվան կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար: