Կարևոր է երկու երկրների համահունչ դիրքրոշմանը. Տողանյանը հանդիպել է Կիրիլ Ա. Պատրիարքին
Հուլիսի 5-ին Մոսկվայում Սբ. Դանիել վանքում գտնվող առաջնորդարանում տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա. Պատրիարքի հանդիպումը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն ընդգծեց Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերը և գործակցությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Նա նաև նշեց, որ հայ ժողովրդի դարավոր պատմությունից և մշակույթից զատ Հայաստանը հարուստ է նաև իր հուշարձաններով, յուրահատուկ բնությունով և իր ուրույն տեղն է գրավում Հարավկովկասյան տարածաշրջանում։
Խոսելով հայ ժողովրդի և Ռուսաստանի հայ համայնքի կյանքում եկեղեցու առանձնահատուկ առաքելության մասին` դեսպան Տողանյանն ընդգծեց Ռուս Ուղղափառ եկեղեցու և անձամբ Նորին Սրբության դերը ռուսաստանաբնակ հայ ժողովրդի հոգևոր-ազգային կյանքի առաջընթացին սատարելու գործում։ Դեսպանը նաև անդրադարձավ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300 – ամյակի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։
Կողմերն անդրադարձ կատարեցին արտաքին քաղաքականությունում բազմաթիվ հարցերի շուրջ երկու երկրների համահունչ դիրքրոշմանը՝ կարևորություն տալով տնտեսական և մշակութային երկկողմ համագործակցությանը։ Պատրիարք Կիրիլը ընդգծեց Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևորությունը։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև 2011թ-ին Հայաստան կատարած իր այցին, որի շրջանակներում մասնակցել էր Երևանում կայացած Ռուսաստանի և Կովկասի կրոնական առաջնորդների եռակողմ խաղաղարար հանդիպմանը՝ ուղղված Արցախյան հակամարտության կարգավորմանը։