ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտումը համարում են սադրիչ գործողություն
ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հուլիսի 6-ին Ֆրանսիայի ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահների անունից հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց:
Համանախագահների հայտարարության մեջ հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտումը համարվում է սադրիչ գործողություն, որը կարող է խափանել հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը և վտանգել գալիք բանակցությունները:
«Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված նրանց պարտավորությունները, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների: Առաջարկում ենք կողմերին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ լարվածության թուլացման ուղղությամբ և հստակորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը, քանի որ դա է միակ իրական ճանապարհը՝ հասնելու տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանը, բարգավաճմանն ու հաշտեցմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, հուլիսի 4-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու եւ Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետեւանքով հակառակորդը կորուստներ ունի:
Այդ դեպքերի առնչությամբ հայտարարությամբ հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի եւ մարդկային ուղին այս երկարատեւ հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»,- ասված է հայտարարության մեջ:
ԼՂ համակարտության գոտում իրավիճակի կտրուկ լարման մասին խոսել էր նաեւ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքով հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անընդունելի է Ռուսաստանի համար: Նրա խաոսքվ, պաշտոնական Մոսկվան կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար: