Կախա Կալաձեն հրաժարական է տվել
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարական է տվել։ Նա պայքարելու է տեղական ընտրություններում՝ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար, հայտնում է «Վրաստան օնլայնը»։
«Ես լքում եմ իմ պաշտոնը, ինձ համար սկսվում է շատ կարեւոր փուլ։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ինձ ներկայացրել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու։ Ես կանեմ ամեն ինչ, բնականաբար ընտրվելու դեպքում, որպեսզի հաջողեմ։ Ես հավատում եմ մեր թիմի, թբիլիսիսցիների միասնականությանը։ Ես մեծ հույսեր ունեմ, որ մեկս մյուսին աջակցելով մենք կկարողանանք հասնել ամեն ինչի։ Եւս մեկ անգամ շնորհակալություն իմ թիմին, իմ աշխատակիցներին»,- հայտնել է Կալաձեն։
Կախա Կալաձեն էներգետիկայի նախարարի պաշտոնն է զբաղեցրել 2012-ի հոկտեմբերի 25-ից, այն բանից հետո, երբ 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության եկավ «Վրացական երազանքը»։
Ընտրություններին իր մասնակցության մասին արդեն հայտնել է «Վրացական երազանքը» , նաեւ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանն» ու Միացյալ ազգային շարժումը։
Թբիլիսիում քաղաքապետի ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերին։