Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։ ՀՀ ոստիկանության կատարած ստուգումներով և ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16․11․1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։ Զավեն Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։
1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․ և տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։
1994 թ․ աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք և մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված և իրեն հատկացված տնակում։
Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004 թ․ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում և նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր։ Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։
Զ․Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։
Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել և վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։
Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի հարցով:
Իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշել էր, որ Զավեն Կարապետյանը նախկինում դատված է եղել, բացի այդ՝ բավականին խնդրահարույց մարդ է, տարօրինակություններ ու հոգեկան խնդիրներ ունեցող: Նրա խոսքով, նա Վանաձորի տարեցների տանը գրանցվել է ընդամենը որպեսզի անձնագիր ստանա, բայց վանաձորցի չէ, և ամենակարևորը՝ երկար տարիներ է իրենից որևէ տվյալ չի եղել:
«Տարեցների տան աշխատակիցները հիշել են, որ նա նույնիսկ ծերանոցում չի մնացել, դատված է եղել, բայց երկար ժամանակ նրան ոչ ոք չի տեսել»,- հավելեց մեր զրուցակից Վանաձորի քաղաքապետը: