Կարմիր խաչը Ադրբեջանում պահվող Զավեն Կարապետյանի հարցով երկխոսություն է սկսել կողմերի հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի հարցով: VERELQ-ի հետ զրույցում ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ կոմիտեն իրականացնում է կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսություն ներգրավված կողմերի հետ, որպեսզի այցելի ձերբակալված անձին:
«Հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց այցելություններն իրականացվում են ԿԽՄԿ մանդատով՝ համաձայն միջազգային մարդասիրական օրենքի»,- շեշտեց Զառա Ամատունին:
Հիշեցնենք, Ադրբեջանի ՊՆ կողմից նախօրեին տարածած տեսանյութում Զավեն Հովհաննեսի Կարապետյան ներկայացած անձը նշում է, որ ծնվել և բնակվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղում: Նա ասում է, որ ծնվել է 1974թ. նոյեմբերի 16-ին: ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքեց, որ Զավեն Կարապետյան ներկայացող անձին որպես հայ դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական կողմի մեթոդներից մեկն է: Պարզվեց նաև, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձի գրանցման հասցե է նշվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, այլ ոչ թե Նոյեմբերյանի (Տավուշի մարզ) Դովեղ գյուղը:
VERELQ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Զավեն Կարապետյանը նախկինում դատված է եղել, բացի այդ՝ բավականին խնդրահարույց մարդ է, տարօրինակություններ ու հոգեկան խնդիրներ ունեցող: Նրա խոսքով, նա Վանաձորի տարեցների տանը գրանցվել է ընդամենը որպեսզի անձնագիր ստանա, բայց վանաձորցի չէ, և ամենակարևորը՝ երկար տարիներ է իրենից որևէ տվյալ չի եղել:
«Տարեցների տան աշխատակիցները հիշել են, որ նա նույնիսկ ծերանոցում չի մնացել, դատված է եղել, բայց երկար ժամանակ նրան ոչ ոք չի տեսել»,- հավելեց մեր զրուցակից Վանաձորի քաղաքապետը: