Ադրբեջանական ՊՆ-ի կողմից նույն երկրի ԶԼՄ-ներով տարածված «հայ դիվերսանտ» ներկայացվող անձը զինծառայող չէ: Այս ամսին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չի իրականացրել և որևէ դիվերսանտի կորուստ չունի: Իսկ այդ թատրոնը, որն Ադրբեջանի կողմից ներկայացվեց, առաջին անգամ չէ, որ իրականացվում է»,- ասաց նա:
Ավելի վաղ «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, «սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ, և հայկական կողմից կա գերի»:
Այնուհետև Ադրբեջանի ՊՆ-ն հոդված և դրան կից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է «հունիսի 20-ին ձերբակալված հայ դիվերսանտին», ով ներկայանում է որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան (ծնված 1974 թ.):
Սա որպես ապատեղեկատվություն էր գնահատել նաեև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է», - ասել է նա:
Հատկանշական է, որ ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութում գերու եւ հարցաքննող ադրբեջանցու «հայերենները» գրեթե չեն տարբերվում:
«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նշում է, որ հունիսի 21-ի առավոտից սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել է տեղեկություն, թե սահմանը հատել է Հայաստանի բնակիչ:
Նա ենթադրեց, որ քաղաքացին, նախնական տեղեկություններով, Բերդավան բնակավայրի կողմից հատել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջանն արդեն երեկ ասաց, թե հայերի դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել, ինչը հերքվեց»,- հիշեցրեց նա:
Վրթանեսյանը նաև հավելեց, թե սահմանը հատած հային չեն կարողանում ՀՀ-ում գտնել, քանի որ այդ սահմանի գյուղերից մարդ չի պակասել, կորածեր չկան: «Գյուղերից տեղեկացնում են, որ իրեց մոտ մարդ չի կորել, կորելու մասին չեն բարձրաձայնում», - նշել է նա: