Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային Ժողովում այսօր ներկայացրեց ՀՀ կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագիրը:
Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու դրան:
Մասնավորապես, «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին, քանի որ իրենք որևէ երաշխիք չունեն, որ այս ծրագրում ներկայացված թվերը ուղղակի չեն մնալու թղթի վրա, ինչպես մնացել են նախորդ տարիներին հայտարարված թվերը:
Պատգամավորի խոսքով՝ բոլորիս կարելի է շնորհավորել, քանի որ ՀՀ պետական պարտքն արդեն հատել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը.
«Այսօր մենք ունենք 6,2 մլրդ դոլար պետական պարտք, որը խիստ ռիսկային է: Հայաստանում ներդրումներ չեն արվում, քանի որ ներդրողից ատկատ են ուզում, ուզում են «փայ մտնել» ու կոռուպցիան ամենասարսափելին է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Այնուհետ նա շարունակեց՝ հիշեցնելով, որ անցած տարի, երբ կառավարությունը ներկայացնում էր գործունեության իր ծրագիրը, նա դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին հարցով՝ պատրա՞ստ է, արդյոք, կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը.
«Ցավոք, կա՛մ ձեր ձեռքերը չեն հասել, կա՛մ ձեզ ուղղակի թույլ չեն տալիս կտրել այդ ճյուղը: Ձեր ունեցած ժամանակը բավարար էր այդ խնդիրները կանխելու համար: Բացի այդ, դուք հայտարարեցիք, որ ամեն օր գոլ եք խփելու: Բայց գոլ չենք տեսել` տեսել ենք դեռևս ինքնագոլեր», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ կրկնելով, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված ծրագրին:
Նշենք, որ ավելի վաղ ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամների հարցադրումներից պարզ է, որ «Ելք»-ը ևս դեմ է քվեարկելու: Մասնավորապես, խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ զարմացած է, քանի որ վարչապետը ծրագիրը չի ներկայացնում այն նույն ոգևորությամբ, ինչպես նախորդ անգամ էր՝ 2016-ի աշնանը:
«Ինչո՞ւ եք այսքան անհավես, անէքսպրեսիա ներկայացնում, այնպես չէիք ներկայացնում, ինչպես նախորդ Կառավարության ծրագիրն էր: Եթե վստահ չեք ներկայացնում, ո՞նց եք համոզելու մեզ, ժողովրդին։ Տպավորություն է, որ ձեզ քիչ առաջ են ասել, որ դուք այլևս չեք լինելու վարչապետը»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: