ՀՀ-ում տնտեսական աճի պոտենցիալը 3-4 տոկոս է. Նախարար
Այսօրվա գնահատականով` տնտեսական աճի պոտենցիալը 3-4 տոկոս է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով, այդ ջանքերը մանրամասն ներկայացված են կառավարության գործունեության 2017-2022թթ. ծրագրում, որն այսօր սկսել է քննարկել խորհրդարանը:
«5 տոկոս տնտեսական աճը քիչ չէ, անհրաժեշտ է ստարտային իրավիճակը ճիշտ գնահատել: Ջանքերը մանրամասն դրված են կառավարության ծրագրում: Բայց հինգ տարվա ընթացքում միջինը 5 տոկոս տնտեսական աճը չի նշանակում, որ մենք ֆիքսելու ենք միայն 5 տոկոս տնտեսական աճ և դրա վրա կանգ ենք առնելու», - ասաց նա:
Դիտարկմանը, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հերթին 7 տոկոս տնտեսական աճ էր խոստանում, բայց միայն 3 տոկոսն ապահովեց, նախարար Արամյանն ասաց, որ աշխարհում տեղի են ունենում անկանխատեսելի գործընթացներ, որոնք ազդում են նաև Հայաստանի վրա: Եվ որ 2013 թվականին որևիցե մեկը չէր կարող կանխատեսել, որ ՌԴ-ն ԵՄ և ԱՄՆ բլոկի հետ քաղաքական հիմքով կունենա կոնֆլիկտ, որը կվերածվի տնտեսական պատերազմի.
«Դա որևէ մեկը չէր կարող հաշվի առնել: Բայց մենք բոլոր ռիսկերը հաշվի առել ենք և միջինացված հինգ տոկոսը կպահպանենք»:
Նախարարը նաև հայտարարեց՝ կառավարության ծրագրում դրված է այն մոտեցումը, որ գործադրվող ջանքերը պետք է բերեն նրան, որ համաշխարհային տնտեսությունից կամ Հայաստանի հետ առևտուր անող երկրներից շատ ավելի առաջընթաց ունենանք:
Իսկ վերջում էլ հավելեց. «Եթե չնախատեսված ռիսկեր չլինեն, ապա հնարավոր կլինի հասնել կառավարության նշված ցուցանիշին»: