Բախումներ Թուրքիայի արևելքում. 1 զինվորական սպանվել է, 6-ը՝ վիրավորվել
Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները Թուրքիայի արևելքում գնդակոծել են զինվորականների պարեկախումբը: 1 թուրք զինծառայող սպանվել է, 6-ը՝ վիրավորվել:
Հարձակումն իրականացվել է Հաքքյարի գավառում, զինվորականների պարեկախումբը գնդակոծվել է նռնականետերից ու խոշոր տրամաչափի զենքից:
Տուժած զինվորականները տեղափոխվել են հոսպիտալ, հայտնում է Anadolu-ն։
Հունիսի 9-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման գավառում ականապատ մեքենա էր պայթել ոստիկանության պահակակետի մոտ: Առնվազն 3 զինծառայող էր վիրավորվել:
Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել:
Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը զեկույց է կազմել արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում պետության կողմից հայտարարված պարետային ժամերի վերաբերյալ: Զեկույցից պարզ է դարձել, որ 2015-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի հունիսի 1-ը նշյալ շրջանների 10 քաղաքում ու 43 շրջաններում ընդհանուր առմամբ 218 անգամ պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել: