VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան բավական լարված ֆոն ունեցավ: Նախ, դրանից առաջ երկար ժամանակ միջազգային փորձագիտական հեղինակավոր կենտրոնները, ինչպես Միջազգային ճգնաժամային խումբը, National Interest-ը Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխատեսումներ էին անում: Հայկական կողմը առաջ է մղում շփման գծում խաղաղության ամրապնդման ծրագիրը, հետաքննության մեխանիզմների տեղակայումը`թեկուզ միակողմանիորեն, եւ բանակը նոր ու ժամանակակից սպառազինություններով համալրելու խնդրի լուծումը: Պաշտոնական Երեւանը, սակայն, եւս մեկ ռազմակավարական ուղղություն է հետապնդում, այն է` միջազգային հանրության աչքում եւ հատկապես հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ հարաբերություններում Ադրբեջանի վարկաբեկումը: Այս ռազմավարության հեռահար նպատակը Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հասնելն է:
Այս ուղղությամբ առաջընթացը եթե նույնիսկ կա էլ, ապա ծայրահեղ դանդաղ տեմպերով է եւ դժվար տեսանելի: Ամենախոշոր ձեռքբերումը մեկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունն էր այն մասին, որ Ադրբեջանը խախտել է զինադադարը: Մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր ռազմական օբյեկտ, որը մասնակի վնասվել էր, մարդկային կորուստների մասին խոսք չկար: Այս անգամ 4 երիտասարդ կյանքերի մասին է խոսքը: Սակայն Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունն արդեն իսկ չէր խոսում այն մասին, որ Մինսկի խումբը պատրաստվում է հերթական հասցեական հայտարարությունն անելուն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այսօր երեկոյան տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկա հայ զինվորների զոհվելու հետ կապված, եւ փոխարենը խոսվում է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը:
«Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարության տեքստում: Հայտարարության այս հատվածը էլ ավելի մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար, քանի որ ուղղակի ճնշում է Սերժ Սարգսյանի վրա: Արդյոք Սերժ Սարգսյանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու մտադրություն է հայտնել: Ավելի հավանական է, որ ոչ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հայտարարությամբ նրան փաստի առաջ են կանգնեցրել, եւ առաջիկայում պաշտոնական Երեւանի հայտարարություններում սա կերեւա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, եւ նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ: Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար»:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ՀՀ քաղաքացիների ընդունելության ժամանակ հանկարծակի հնչել է տագնապի ազդանշան: Այն հնչում է սովորաբար տեռորիստական ակտերի կամ որեւէ այլ վտանգի դեպքում: Քաղաքացին,որն այդ պահին գտնվել է դեսպանատան սենյակներից մեկում, ստիպված է եղել դեսպանատան աշխատակիցների հետ միասին ծնկի իջնել եւ թաքնվել սեղանի տակ, եւ այսպես մոտավորապես 20 րոպե: Իսկ թե ինչն է եղել տագնապի ազդանշանի պատճառը՝ հայտնի չէ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու հայտարարագիրը բավական ուշագրավ է: Նա ունի մեկ բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ: Բացի այս, նա ունի երեք հատ ավտոմեքենա՝ «Bentley Continent AL 6.0», «BMW X5 4,6 IS» եւ «GAZ 311000»: Արթուր Մանուկյանը հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 800 հազար դրամի չափով բաժնեմաս: Իսկ պատգամավորի դրամական միջոցները կազմում են 225 մլն դրամ, 620 հազար դոլար եւ 180 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 2 վայրից ստացած իր աշխատավարձը՝ տարեկան 2 մլն 310 հազար դրամ: Նշենք, որ Արթուր Մանուկյանը բազմաթիվ անգամ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ թմրանյութեր, ապօրինի զենք, զինամթերք եւ այլ մեղադրանքների շրջանակներում»:
«168 ժամ» թերթը գրում է. «Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տիրույթներում Կատարի հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը, անկախ տվյալ պահին ստեղծված իրավիճակային զանազան դրսեւորումներից՝ բխում է մեր երկրի շահերից։ Եվ միայն խրախուսելի ու գովելի պետք է համարել նման այցի իրականացումը Դոհա»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Կատար կատարած այցին՝ նման տեսակետ է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել՝ որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաեւ մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով»,- ասել է նա։ Ի դեպ, երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Նալբանդյանի այցը նախապես պլանավորված չի եղել, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «168 ժամ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Բոլոր այցերն էլ ծրագրավորվում են, ժամկետները՝ համաձայնեցվում»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ՝ հունիսի 19-ին, Շիրակի մարզի Հառիճավանքի հոգեւոր ընծայարան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վերջինս մասնակցում էր ամերիկահայ բարերարների կողմից ֆինանսավորված հոգեւոր ընծայարանի պաշտոնական բացման արարողությանը: Մեր թղթակիցը ՀՀ ամենաաղքատ մարզ այցելած կաթողիկոսից հետաքրքրվեց, թե ինչ քայլերի պետք է դիմել վերջ տալու համար երկրում տիրող սոցիալական անհավասարությանը: «Բնական է, որ հասարակական կյանքում պետք է լինեն ունեւորներ, պետք է լինեն հարուստներ, եւ պետք է լինի միջին դաս, միջին խավ: Մեկը մյուսին պետք է լրացնի: Մենք մեր աշխատանքով պետք է կազմակերպենք նրանց առաջընթացը: Աստված պետք է օրհնի, զորակցի մեր ժողովրդին, որ կարողանանք բարվոքել մեր կյանքը... Եկեղեցին իր կարելիության շրջանակներում աջակցում է: Ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպես նաեւ խրախուսում ենք, հորդորում, պատգամում ենք մեր ունեւոր մարդկանց, որպեսզի ներդրում կատարեն հայրենիքում»,-ասել է կաթողիկոսը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ամենաինտրիգայինը, թերեւս, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքն էր: Ինտրիգային էր այնքանով, որ Հաճնը համարվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող համայնքներից մեկը, ինչպես օրինակ՝ Աբովյանը, Առինջը եւ այլն: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը համարվում է Նոր Հաճն համայնքի պատվավոր քաղաքացի, որտեղ նաեւ եկեղեցի է կառուցել: Այստեղ նախապես առաջադրված 4 թեկնածուից ընտրապայքարին մասնակցեցին երկուսը՝ գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը եւ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը: Մաթեւոսյանն իր ստացած 3 հազար 73 քվեով բացարձակ հաղթանակ տարավ Արմեն Քեշիշյանի նկատմամբ, որն ստացել է 1319 ձայն: Նոր Հաճնում ընտրությանը մասնակցած 4522 ընտրողից 130 քվեաթերթիկ է անվավեր համարվել, անճշտություններ չեն գրանցվել:
Այս ընտրապայքարը կարեւոր էր, քանի որ ինքնաառաջադրված քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը նախկինում մեկ անգամ մասնակցել էր ՏԻՄ ընտրությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությամբ, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո, արդեն վայելում էր ՀՀԿ-ի աջակցությունը եւ առաջադրվել է մեկ անգամ էլ ՀՀԿ-ի աջակցությամբ: Մամուլում գրվել է արդեն, որ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի առաջադրումով իշխանությունները քողարկված կերպով փորձել էին Նոր Հաճն համայնքը հանել Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտուց, սակայն ՀՀԿ-ն հրապարակային աջակցություն չէր ցուցաբերել Քեշիշյանին: Վերջինիս անվան հետ աղմկահարույց միջադեպ է կապված: Արմեն Քեշիշյանը մարդասպանության համար մեղադրվելով դատապարտվել էր 3 տարի ազատազրկման»: