24.11.2024
Եվս մեկ վիրավոր զինծառայող է տեղափոխվել Երևան. 20-ամյա երիտասարդի վիճակը ծանր է
prev Նախորդ նորություն

Ի՞նչ թվեր են ներկայացնում վարչապետն ու նախագահը. ինչո՞ւ է «անհետացել» Սամվել Ալեքսանյանը

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 19-ին այցելել էր «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: «Ալեքս տեքստիլ» ընկերությունը, որ ինչպես հուշում է անվանումը, զբաղվում է տրիկոտաժի ու մանկական հագուստի արտադրությամբ, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր, խոշոր գործարար ու մենաշնորհրների տիրապետող Սամվել Ալեքսանյանին:


Կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, ստանդարտ ձևով թվարկվում է, որ վարչապետը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին: Նշվում է նաև, որ մանկական հագուստի արտադրա!նքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир» խանութների ցանցի պատվերով: Կարելիէ ենթադրել սա որոշ մասով նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ է, քանի որ այն հնարավորություն է ստեղծել առանց խճճված մաքսային ձևակերպումների ու բարդ ընացակարգերի, ՀՀ-ում արտադրված ապրանքն արտահանել անդամ-պետությունների շուկաներ:


Սակայն գործադիրի մամուլի հաղորդագրության մեջ աչքի են զարնում այլ հանգամանքներ, ավելի ճիշտ թվեր: Նշվում է, որ 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: ««Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ», - ասված է հաղորդագրության մեջ:


Այսինքն՝ գործարար Սամվել Ալեքսանյանը տեքստիլ արդյունաբերության ոլորտում իր բիզնեսը գոնե աշխատատեղերի քանակով մեկ տարվա մեջ նախատեսում է ընդարձակել ավելի քան 20 անգամ: Ալեքսանյանի հաջողություններին կնախանձեին աշխարհի ամենահաջողակ գործարարները: Տպավորիչ թվեր են, չափազանց տպավորիչ, հենց այդ պատճառով էլ կասկած են հարուցում: Իհարկե, այլ տեղեկատվություն չունենք, որ հերքենք կամ հաստատենք հաղորդագրությում բերված տվյալները: Մենք այն կարող ենք ստուգել տարվա վերջ՝ փորձելով հասկանալ՝ արդյոք տվյալ ձեռնարկությունը 20 անգամ ընդարձակել է իր գործունեությո՞ւնը, թե՞ ոչ:


Սակայն մեկ կարևոր հնգամանք կա, որ ավելի է ուժեղացնում կասկածը կառավարության տրամադրած տվյալներին: Բանն այն է, որ ուղիղ երեք ամիս առաջ նույն ձեռնարկություն էր այցելել նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահականը տվյալ ձեռնարկության ներկայիս ներուժի, սեղծած աշխատատեղերի ու առաջիկա մեկ տարվա ծրագերերի մասին կառավարությունից մեղմ ասած տարբերվող տվյալներ էր ներկայացրել:


«2015 թվականից գործունեությունը սկսած գուլպաների եւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ»-ը, լինելով Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, ներկայում 500 աշխատակից ունի, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում, պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի», - ասված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:


Նույն հաղորդագրության մեջ նաև նշվում էր. «Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ 2017 թվականին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի եւ տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով եւս շուրջ 600 նոր աշխատատեղ»:


Ըստ նախագահականի տարածած մամուլի հաղորդագրության, ստացվում է, որ ընկերությունն այս տարի նախատեսում է միայն 600 նոր աշխատատեղ ստեղծել: Մինչդեռ կառավարության հունիսի 19-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ: Թվերի տարբերությունն այնքան մեծ է, որ հատուկ կարողություններ են պետք այն չնկատելու համար:


Հարց է առաջանում, սա ուղղակի «մի քանի հազար այս կողմ, այն կողմ» ոճի վրիպակ է, թե ՀՀ-ում աղքատության կրճատման ու աշխատատեղերի ավելացմանն ուղղված կառավարության ծրագրային ցանկություններն իրականության փոխարեն մատուցելու անհաջող փորձ: Կա նաեւ այլ տարբերակ, որ նախագահին կամ վարչապետին Սամվել Ալեքսանյանի ձեռնարկության տնօրինությունը տարբեր թվեր է ներկայացրել, որոնք հրապարակվել են առանց ստուգելու: Կամ Սամվել Ալեքսանյանի գործերն այնքան են լավացել երեք ամսվա ընթացքում, որ նա որոշել է 2 հազարի փոխարեն 7,5 հազար աշխատատեղ բացել:


Հ.Գ. Ի դեպ, կառավարության մամուլի հաղորդագրության հետ տարածած լուսանկարներում երևում է նաեւ Սամվել Ալեքսանյանը, ով ի տարբերություն վարչապետի կամ էկոնոմիակայի նախարարի պաշտոնական «դրես-կոդից» դուրս է՝ ջինս ու վերնաճապիկ հագին: Սակայն վարչապետի Facebook-ի պաշտոնական էջում ու կառավարության կայքում տեղադրված լուսանկարներում Սամվել Ալեքսանյանը բացակայում է: Այն է՝ նրա ներկայությամբ արված լուսանկարներն ուղղակի չեն հարապարակվել: Դմիտրի Կիսիլյովը կասեր՝ Совпадение? Не думаю.