23.11.2024
Եկել է ժամանակը ԼՂ հակամարտությունում փոխելու ստատուս քվոն. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկում են Աֆղանստանում խաղաղապահ ուժերի մեծացման հարցը. Ապաթուրայ

ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ասպարազեներում առաջնորդվում է լայն շրջանակային համագործակցությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:


«Խոսելով ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ներկայիս իրավիճակի մասին, ուզում եմ մեջբերել պաշտպանության նախարարի հետ իմ զրույցից մի հատված, որ մենք գերազանց գործնական համագործակցություն ունենք բազմաթիվ ուղղություններով և առաջընթացը նշանակալի է: Մենք շնորհակալ ենք Հայաստանի բերած նպաստի համար Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ մեր գործողություններին: Կանխատեսում ենք պաշտպանության նախարարի մոտալուտ այցը Բրյուսել՝ Աֆղանստանում ներկա զինվորական միավորումների համապատասխան երկրների պաշտպանության նախարարների ժողովին, որտեղ քննարկելու ենք նաև թեթևակի ծավալների մեծացումը Աֆղանստանում ներկա զինուժի»,- ասաց Ջեյմս Ապաթուրայը, հայտնում է tert.am-ը:


Նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել թափանցիկության, ինչպես նաև գենդերային հավասարության ապահովել Զինված ուժերում:


«Իմ այցը Երևան ունի երկու շեշտ՝ մեկը քաղաքական փոխանակություն անցկացնելն է: Տարածաշրջանում մի շարք զարգացումներ կան, որոնք հետաքրքրական են դաշնակիցների համար: Դաշնակիցները ողջունում են Հայաստանի տեսակետները, կարծիքը: Ակնկալում ենք, որ բարձր մակարդակի քաղաքական փոխանակությունը կանոնավոր կլինի: Երկրորդ նպատակը գործնական համագործակցության շտկումներն են: Ապշեցուցիչ առաջընթացի ցատկեր չենք ակնկալում, բայց կան գործնական հարաբերություններ»,- ասաց Ջեյմս Ապաթուրայը:


Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին պայմանագրին, որը կստորագրվի նոյեմբերին, ապա Ապաթուրայն ասաց, որ ՆԱՏՕ անդամ բոլոր Դաշնակիցները կողջունեն փաստաթղթի ստորագրումը, որովհետև բոլորը կցանկանային, որ Հայաստանը սերտացներ Արևմուտքի հետ հարաբերությունները նույնքան, որքան մյուս ուղղությամբ: «Գիտեք, որ նախկինում խնդիրներ եղան Հայաստանի և Եվրոպայի միջև: Ուստի սա կլինի դրական դրսևորում Հայաստանի ներգրավմանը ՆԱՏՕ մի շարք գործողությունների հետ»,- ասաց Ապաթուրայը:


Խոսելով Վստահության հիմնադրամի մասին, ըստ որի՝ նախատեսվում է ոչնչացնել զրահապատ մեքենաները, ապա Ջեյմս Ապաթուրայն ասաց, որ մոտ ենք ծրագրի գործնական իրականացմանը:


«Վերջին մի երկու փաստաթուղթն է մնացել տեսքի բերել: Շատ մոտ ապագայում կսկսենք ժամկետանց սպառազինությունների ոչնչացման անվտանգ ծրագիրը: Բնականաբար, մենք պետք է հայցենք հայաստանյան կողմի լիակատար հավանությունը: Մինչև տարվա վերջ, վստահաբար, ծրագիրը կմեկնարկենք»,- հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: