Եկել է ժամանակը ԼՂ հակամարտությունում փոխելու ստատուս քվոն. Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այժմ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ քննարկումները:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Մամեդյարովը նշել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում:
Նրա խոսքով, փաստաթղթի վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում: «Եվ այդ փաստաթուղթն այժմ հիմնականն է մնում բանակցությունների սեղանին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ իր ռուս և հայ գործընկերների հետ Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած հանդիպման ընթացքում նա քննարկել է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու վերաբերյալ հարցերը:
«Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ճանապարհները: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Եկել է ժամանակը փոխելու ստատուս քվոն: Նախագահները և համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,- նշել է ադրբեջանցի նախարարը:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: