VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել եւ համոզել է, որ շարունակի պաշտոնավարումը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, եւ ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը: Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մինչեւ 2022թ. ժողովուրդը կառավարություն ձեւավորելու եւ վարչապետ նշանակելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին, եւ հավելել. «Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին տված հարցազրույցում Էդուարդ Շարմազանովն ասել է, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնն իրականացնել անվտանգության դոկտրինը: ՀՀԿ խոսնակի ասածին դժվար է հակափաստարկ բերելը, որովհետեւ, ինչքան էլ անորակ լինի Հայաստանի իշխանությունը, դրա ձեւավորման հիմքում առաջնայինը լինելու է անվտանգության բաղադրիչը: Այլ կերպ չի կարող լինել մի երկրի պարագայում, որն ունի չկարգավորված հակամարտություն եւ փակ սահմաններ իր երկու հարեւանների հետ: Երբ առաջին պլան ենք բերում անվտանգության հարցը, պարզ է դառնում, որ Շարմազանովն, ըստ էության, խոսում է Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի մասին ու նույն այդ հեռանկարը բացառում է Կարեն Կարապետյանի համար:
Կարեն Կարապետյանի կերպարն ու անվտանգության խնդիրն առհասարակ չեն մեկտեղվում, որովհետեւ վարչապետության յոթ-ութ ամիսներին մենք այդպես էլ չենք լսել, թե ԼՂ խնդրի կարգավորման կամ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ինչ տեսլական ունի Կարապետյանը: Արտաքին քաղաքականության ընդամենը մեկ հարցի է անդրադարձել Կարեն Կարապետյանը եւ, ըստ էության, ասել է, որ Հայաստանի եվրասիականացումն այլընտրանք չունի: Իհարկե, նույն «գծի» մեջ է նաեւ Կարապետյանի «մրցակից» Սերժ Սարգսյանը, սակայն նա այնքան փորձառություն ունի, որ իր «եվրասիականությունը» ներկայացնում է որպես մոսկովյան պարտադրանք, ճնշում, որոնց նա տրվել է` իբրեւ թե անվտանգության գլխավոր խնդրում` ԼՂ հարցում, սպառնալիքները չեզոքացնելու նպատակով:
Բացի այդ, Սարգսյանն, ի տարբերություն Կարապետյանի, փորձում է դիվերսիֆիկացնել անվտանգության հարցը: Համենայնդեպս, Եվրամիության հետ նոր պայմանագիրն ասոցացվում է ոչ թե Կարապետյանի, այլ Սարգսյանի անձի հետ, ով հաճախ է սիրում Բրյուսելում լուսանկարվել եվրոպական պաշտոնյաների հետ: Ի դեպ, նույն ֆոտոսեսիաների հարցում` Կարապետյանն անհամեմատ զիջում է Սարգսյանին եւ իր ակտիվում ունի համատեղ մի քանի լուսանկար Մեդվեդեւի եւ եվրասիական մի քանի դիկտատորների «կասիրների» հետ: Երբ Էդուարդ Շարմազանովն ասում է, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնը իրականացնել անվտանգության դոկտրինը, ապա պարզորոշ ակնարկում է, որ ՀՀԿ-ն արդեն կայացրել է որոշումը` վարչապետության հեռանկար բացելով Սերժ Սարգսյանի համար եւ ցտեսություն ասելով Կարեն Կարապետյանին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի արձակագիր Լեւոն Ջավախյանը չափազանց վտանգավոր է համարում լեզվի պետական տեսչությունը լուծարելու` կառավարության մտադրությունը: Նա դա որակում է որպես քայլ` ընդդեմ հայոց լեզվի: Մեր զրույցում գրողը մտահոգություն էր հայտնում լեզվի պետական տեսչությունը լուծարելու փորձերի մասին, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:
- Հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը վատ է: Դպրոցներ են փակում, որ իրենք չեն բացել, գյուղեր են փակում, որ իրենք չեն հիմնել, հիմա էլ բանը հասել է լեզվի պետական տեսչությանը: Եթե ֆինանսական վիճակը վատ է, պիտի որ արգելեն մարդկանց հաց ուտելը, ինչպես որ ծխելն են ուզում արգելել:
Լեզուն ի՞նչ բան է: Լեզուն հայրենիք է: Հայրենիքը նախ հողային տարածքն է, դրա վրայի մարդը, ապա` լեզուն: Այդ երեքի հանրագումարն է հայրենիքը: Սրանք արդեն ուզում են հայրենիքի մի մասը թրատեն, սրատեն: Մեր ժողովրդի մեջ առաջ ռուսամոլություն էր, հիմա նաեւ եվրոպամոլություն ու ամերիկամոլություն: Եթե լեզվի տեսչությունը չլինի, վերահսկողություն չիրականացվի, շատերն իրենց գործունեության մեջ, իրենց գրագրություններում, բիզնեսում տուրք պիտի տան անգլերենին կամ ռուսերենին:
Ես չեմ թաքցնում, որ վարչապետի նկատմամբ համակրանք եմ ունեցել եւ իմ հարցազրույցներում էլ արտահայտել եմ, բայց, ինչպես հասկանում եմ, իր բիզնես մտածողության մեջ հայեցի մտածողությունը չի տեղավորվում, մարդը այդ առումով կարծես բարդույթներ ունի, եւ եթե այսպես շարունակի, ինձ նման բարեկամից ինքը կստեղծի իր լավագույն թշնամին: Լեզվի տեսչությունը չի՞ աշխատում, աշխատեցրու: Դա խիստ անհրաժեշտ կառույց է: Իմ կարծիքով լեզվի տեսչությունը ոչ թե պիտի լուծարել, այլ իրավունքները ընդլայնել, որովհետեւ հայերենը վտանգված է առավել, քան երբեւէ. հեռուստատեսությունը հայերեն չի խոսում, պատգամավորները մոռացել են` հայերենն ինչ բան է, ամենուր ոչ հայերեն գրություններ են: Լեզուն տեր պիտի ունենա եւ այդ տիրությունը պետք է լեզվի տեսչութունն անի:
Երբ ասում են` նրա իրավունքներն ու պարտականությունները տրոհում են տարբեր կազմակերպությունների միջեւ, ապա փաստորեն փոշիացնում են լեզվի պահպանման միջոցները: Իսկ որտեղ փոշիացումն է, այնտեղ էլ վերացումն է: Դա հոգեւոր պահպանության հարց է: Առանց հոգու մարդը անասուն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է ամեն գնով ազատվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներից ու նրանց հարազատներից: «Փաստին» հասած տեղեկություններով՝ մարզպետը սկսել է առավել ուշադիր «վերահսկել» նախկին վարչապետի կողմնակիցների գործունեությունը մարզպետարանին ենթակա կառույցներում: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկություններով, Արամայիս Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով Արարատի մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախ ստուգողներ է ուղարկել դպրոց, ապա համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, այժմ էլ որոշել է լուծարել դպրոցը՝ իբր անբարեկարգ վիճակի պատճառով: Նշենք, որ թիվ 3 միջնակարգ դպրոցն այս պահին 400 աշակերտ ունի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից։ Արգամիչին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գեւորգյանը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ինքն այսօրվանից այդ ՍՊԸ-ի տնօրենը չէ՝ լքում է Հայաստանը, մշտական բնակության է մեկնում Անգլիա։ «Դիմումս գրել եմ, վիզաս վերջապես եղել է։ Ընտանիքս, կինս, երեխաներս, թոռներս՝ բոլորն արտասահմանում են, ես էի մնացել, ես էլ եմ գնում, վիզաս չէր լինում, թե չէ շուտ կգնայի»,- ասել է նա։ Ապա հաստատել է մեր տեղեկությունը, որ վերջերս Ռուսաստան է տեղափոխվել նաեւ նախկին վարչապետի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ Մշտակա՞ն բնակության։ «Այո, Ռուսաստանում է, էնտեղ ուզում է գործունեություն կատարի, էնտեղ էլ մնա»։ «Ազգովի» հեռանալու պատճառը, Գեւորգյանի պնդմամբ, քաղաքական չէ, հավաստիացրել է, որ ինքն ընտանիքի համար է տեղափոխվում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կրթական դիպլոմներ վաճառելու աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Այս անգամ իրավապահները բացահայտել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմի վաճառքի նոր դեպք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դիպլոմները վաճառվել են ՀՀ ՊՆ զինվորականներին, որպեսզի դրանք ՊՆ-ին ներկայացնելով՝ կարողանան զինվորական բարձր կոչումներ ստանալ: Տեղեկացնենք, որ դեռեւս այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր կեղծ դիպլոմներ վաճառելու աղմկահարույց մի քանի դեպքեր: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական բուհերի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաեւ օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրեւ թե եկել են Հայաստան եւ իրավաբանի, բժշկի կրթություն ստացել: Բայց իրավապահները բացահայտել էին, որ քաղաքացիներին տրամադրված դիպլոմները կեղծ էին եղել եւ ռեկտորներն էլ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Բայց պարզվում է՝ Հայաստանի պետական բուհերի պաշտոնատար անձինք եւս դիպլոմներ են վաճառում»: