ԱԳՆ. Լապշինի արտահանձնումը, միջազգային հանրության կողմից արձագանքի պակասը ոգևորել է Բաքվին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի կարծիքով՝ Լապշինի ձերբակալությունն ու այնուհետ նրա արտահանձնումը շատ է ոգևորվել Ադրբեջանին:
«Լապշինի ձերբակալության և Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»,- գրել է Տիգրան Բալայանը Twitter-ում՝ անդրադառնալով Թբիլիսիում օրերս առևանգված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող ու ակտիվիստ Աֆղան Մուխթարլըին, ով այնուհետ տեղափոխվել էր Բաքու և դատարանի որոշմամբ կալանավորվել երեք ամսով:
Նշենք, ավելի վաղ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր, որ Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ իրավապաշտպանների առևանգման և անօրինական կամայական ձերբակալության և այնուհետև Ադրբեջանում նրանց կալանավորման և հետապնդումների մասին հաղորդումները պահանջում են արագ, համապարփակ և թափանցիկ հետաքննություն:
Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի, Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանզի նա ներառված է այդ երկրի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ 2015-ին նա Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով այցելել է Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա՝ ուկրաինական անձնագրում նա գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել:
Օրերս հայտնի դարձավ, որ Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է: