Պուտին, Թրամփ, Էրդողան․ Մերկելին շրջապատել են
Այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում հայտարարեց, որ եվրոպացիները պետք է միայն իրենց ուժերին ապավինեն՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս, Մերկելին նորից սկսել են տեսնել «Արեւմտյան աշխարհի փրկչի» դերում, գրում է Focus-ը։
«Սակայն իրականում Մերկելի համար անհարմար իրավիճակ է ստեղծվել՝ Թրամփի պատճառով նա ոչ միայն հուսալի գործընկեր է կորցնում՝ ի դեմս ԱՄՆ-ի։ Նրան նաեւ շրջապատել են անսկզբունքային ու ագահ քաղաքական գործիչները»,- համարում է հեղինակը։ «Թրամփը արեւմուտքում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու հունգարացի Վիկտոր Օրբանը՝ արեւելքում, իսկ հարավում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ու դա էլ ասես քիչ է ՝ Աֆրիկայում պառակտվում են պետություններ, իսկ Սիրիայում պատերազմ է փոթորկում»։
Միգրացիոն ճգնաժամի սկզբում Մերկելը կանգնած է նոր հսկայական խնդրի առաջ ու հնարավոր է նաեւ՝ ամենակարեւոր միջազգային քննության։ Գերմանիայի համար, վստահ է Յանա Պուգլիրինը՝ միջազգային հարաբերությունների հարցերով գերմանական խորհրդից, խոսքը ոչ ավել, ոչ պակաս՝ ազատական աշխարհակարգի պահպանման մասին է։
«ԱՄՆ նախագահը միջազգային ասպարեզում ամենավտանգավոր կերպարն է Մերկելի համար, քանի որ եւ անկանխատեսելի է եւ միաժամանակ կարեւոր գործընկեր»,- նշում է Focus-ը։ Փորձագետների կարծիքով «Թրամփի կոնֆլիկտային ներուժը թեկուզեւ բարձր է, բայց կառավարելի է, քանի որ ԱՄՆ –ի նախագահի ետեւում թիմ է, որը պատասխանատու է տրանսատլանտյան հարաբերություններում քաղաքականության շարունակականության համար։ Բացի դրանից , ի տարբերություն Պուտինի ու Էրդողանի, տրանսատլանտյան գործընկերներին միավորում են ընդհանուր արեւմտյան արժեքները»։
Ինչ վերաբերում է Էրդողանին, նա, ինչպես եւ Թրամփը, իրենից ներկայացնում է «արկածախնդիր քաղաքական գործիչ, որի համար երկրի ներսում վայրկենական աջակցությունը ավելի կարեւոր է, քան միջին ու հեռավոր հեռանկարները՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական գործոնները։ Էրդողանը նույնքան հակված է ագրեսիվ վերբալ հարձակումներին՝ այդ թվում Գերմանիայի հասցեին վիրավորանքներին։ Նա գիտակցում է իր երկրի կարեւորությունը Եվրոպայի համար՝ թե որպես Մերձավոր արեւելքում կամուրջ, թե որպես միգրացիոն ճգնաժամում աջակից, դրա համար էլ անհարգալից ու ինքնավստահ է իրեն պահում»,- գրում է Focus-ը։
Յանա Պուգլիրինի խոսքով, Անկարայի հետ հարաբերություններում կոնֆլիկտային ներուժը «հսկայական է», իսկ Էրդողանի վրա ազդելու՝ Գերմանիայի հնարավորությունները օրեցօր նվազում են։ «Փոխարենը բացահայտ դիմակայության հետեւանքները նվազ լուրջ կլինեին, քան ԱՄՆ-ի հետ առճակատման դեպքում՝ միգրանտների մասին գործարքի խզումը ու միգրանտների նոր ներհոսքը ճակատագրական կլինեին Մերկելի համար, բայց հանդուրժելի Գերմանիայի համար»,- կարծում է փորձագետը։
«Ռուսաստանի նախագահը միջազգային քաղաքական ասպարեզում Մերկելի կառավարման տարիների սակավաթիվ կոնստանտներից է ,- ասվում է հոդվածում,- Թրամփի ու Էրդողանի նման՝ նա էլ է իշխանության ձգտող քաղաքական գործիչ։ Նա սառնարյուն առաջ է շարժվում դիերի վրայով՝ դեպի իր նպատակը։ Ռուս- գերմանական հարաբերությունները Մերկելի օրոք միշտ էլ բարդ են եղել, բայց ոչ առճակատային, այլ ավելի շուտ գործնական»։
«ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցությամբ՝ Մերկելը կարող է Պուտինին ցույց տալ նրա սահմանները։ Ռուսաստանի հետ բաց դիմակայության հետեւանքները հրեշավոր կլինեին»։
Միջազգային ասպարեզում Եվրոպայի դիրքերի ամրապնդման համար հատուկ նշանակություն ունի միասնական պաշտպանական քաղաքականությունը, համարում է Պուգլիրինը։
«Կարեւորագույն ապացույցը, որ Մերկելին հաջողվում է դիմակայել միջազգային քաղաքականության երեք ալֆա – գործիչներին՝ կտրամադրի G20-ի հուլիսյան գագաթնաժողովը, որը կացկացվի Համբուրգում»,- ամփոփում է պարբերականը։