ԵԽ-ն հետաքննություն է սկսել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ անդամներին կաշառելու գործով
Եվրոպայի խորհուրդը հետաքննություն է սկսել՝ ճշտելու տեղեկությունները, թե Ադրբեջանը կաշառել է Եվրոպայի Խորհրդրի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամների, որպեսզի նրանք կատարեն Ադրբեջանի իշխանությունների ցուցումները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հետաքննությունը վարելու են երեք նախկին դատավորներ, որոնք մասնագիտացած են իրավունքների պաշտպանության ոլորտում: Նրանք ստուգելու են պնդումները, որ ԵԽԽՎ պատգամավորներն Ադրբեջանի իշխանություններից կաշառք են վերցրել: Կասկածներ կան, մասնավորապես, որ Ադրբեջանն ազդել է 2013-ի ԵԽԽՎ որոշման վրա, երբ վեհաժողովը մերժեց գերմանացի խորհրդարանական Քրիստոֆ Շտրասսերի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման և ադրբեջանցի քաղբանտարկյալների դրության մասին զեկույցը: Ըստ այդ տեղեկությունների, ԵԽԽՎ անդաներից մեկին 2.5 մլն դոլար է վճարվել, որպեսզի զեկույցը մերժվի:
Ակնկալվում է, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն ընթացիկ տարվա վերջում: Ադրբեջանը հերքում է բոլոր մեղադրանքները:
Դեկտեմբերին իրավապաշտպան European Stability Initiative (ESI) կազմակերպությունը հրապարակել էր զեկույց, որում պնդում էր՝ ԵԽԽՎ որոշ անդամներ Ադրբեջանի շահերի քաղաքական լոբբինգ են իրականացրել և նրանցից որոշներն ադրվեջանի իշխանությունների կողմից վճարվել են: Մարտին ԵԽ գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին խնդրել էր առանց հապաղելու անկախ հանձնաժողով ստեղծել, որը կհետաքններ այս հարցը: Այս խնդրանքին աջակցեցին ԵԽԽՎ շատ անդամներ:
Ապրիլին իրավապաշտպան կազմակերպությունները նամակով դիմել են ԵԽԽՎ ղեկավարությանը, որում նշել են, որ անկախ հետաքննությունը պետք է լույս սփռի կոռուպցիոն գաղտնի գործողությունների վրա: Իրավապաշտպաններն Ադրբեջանի իշխանություններին մեղադրում են ընդդիմությանը ճնշելու, անօրինական ձերբակալությունների և խոսքի ազատության իրավունքը խախտելու մեջ: