Մերկելն առաջարկել է հետաձգել Թուրքիայի ռազմաբազայից գերմանացի զինծառայողների դուրսբերումը
Թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից գերմանացի զինծառայողների դուրսբերման մասին որոշումը պետք է հետաձգվի մինչև ԱԳՆ-ների մակարդակով բանակցությունների ավարտը: Նման պայմանավորվածություն է ձեռքբերվել ՆԱՏՕ-ի վեհաժողովի ժամանակ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պայմանավորվել ենք ՆԱՏՕ-ի վեհաժողովին, որ բանակցությունները կշարունակվեն, և այդ պատճառով խորհրդարանում Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցությունը կարծում է, որ անհրաժեշտ է սպասել արտգործնախարարների միջև բանակցությունների ավարտին»,- ասել է կանցլերը՝ հավելելով, որ Բեռլինը շարունակում է պնդել գերմանացի պատգամավորների մուտքն «Ինջիրլիք» թույլ տալու հարցում։
Մերկելի խոսքերով՝ «հաջորդ շաբաթների ընթացքում կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ որոշումը պետք է կայացվի»:
Ավելի վաղ Թուրքիան «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանացի պատգամավորների խմբի ենթադրյալ այցից մեկ օր առաջ տեղեկացրել է Գերմանիայի արտգործնախարարությանն այդ այցի անհնարինության մասին: Այնուհետև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի այլընտրանք փնտրել թուրքական ռազմաբազային: