VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մայիսի 18-ի նիստում առանց առանձնակի ուշադրության արժանացնելու հավանություն տվեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը հետագայում բազում անցանկալի հետեւանքների տեղիք է տալու: Կառավարության հաստատած փոփոխությունները վերաբերում են սեփականության իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են կամ առաջիկայում կկորցնեն ՀՀ քաղաքացիությունը: Համաձայն նախագծերի՝ այդ քաղաքացիները պարտավոր են 1 տարվա ընթացքում օտարել իրենց սեփականաշնորհած գյուղատնտեսական նշանակության հողերը, այլապես դատարանը վճիռ է կայացնում, եւ կատարվում է հողի հարկադիր վաճառք, ստացված գումարն էլ հանձնում է նախկին սեփականատիրոջը:
Մեծ առումով օրենսդրական այս փոփոխությունը վերաբերում է մեր այն հայրենակիցներին, որոնք ժամանակին սեփականության իրավունքով հող ստանալով՝ տարիներ հետո հեռացել են հայրենիքից: Սրանց մի մասը արդեն իսկ օտարել է իրենց հողը, մի զգալի մասն էլ իրենց ու իրենց զավակների ապագան տեսնելով միայն հայրենիքում՝ չեն օտարել ունեցած անշարժ գույքը: Նշենք, որ Հայաստանում էլ քիչ չեն մարդիկ, որոնք ունեն ՌԴ քաղաքացիություն՝ դարձյալ բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով: Կառավարության հաստատած օրենքի նախագծով այդ մարդիկ իրենց իսկ հայրենիքում զրկվելու են կամ 25-30 տարվա սեփականությունից, կամ էլ օր ծերության մի քանի դրամ ավելի կենսաթոշակ ստանալու հնարավորությունից:
Սա ընդունված նախագծի մեկ, բայց շատ կարեւոր կողմն է: Մյուս՝ ավելի վտանգավոր պահն այն է, որ հազարավոր դրսի մեր հայրենակիցներն արդեն վաճառել են իրենց հողերը, բայց առայժմ առանց վավերացման: Կադաստրի եւ նոտարական գրասենյակների օրենքով եւ օրենքից դուրս սահմանած ահռելի գներից խուսափելով (երբ ցանկացած առքուվաճառքի գործարքի ձեւակերպումը գերազանցում է 200-300 դոլարը)՝ նրանք գործարքն իրականացնում են ավելի «մատչելի մեխանիզմով». հողատիրոջը վճարվում է հողի գինը, իսկ գնորդը 10 տարի շարունակ իր անունով հողի հարկերը վճարելուց հետո դատարանով սեփականատիրոջ անվանափոխություն է կատարում:
Եվ, որ ամենակարեւորն է, դրսում գտնվողներից շատերը դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել՝ վերադառնա՞լ հայրենիք, թե՞ ոչ: Կառավարությունն այս նախագծով շատերի առաջ փակում է վերադարձի ճանապարհը: Այդքանով հանդերձ՝ անհասկանալի է կառավարության նման մոտեցման իմաստը. եթե օրենքը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է, ապա դրա համար կա հարցի լուծման պարզագույն տարբերակ՝ օրենքը չտարածել նախկինների վրա: Եթե այլ է, ապա դա մի ուղղվածություն ունի՝ մարդկանց հեռացնել հայրենիքից: Այլապես մի կողմից՝ հայտարարվում է ապագայի 4 մլն-անոց Հայաստանի մասին, ու մյուս կողմից՝ օրենքի ուժով փակվում է հայրենիքից հեռացածների հետդարձի ճանապարհը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն արդեն մի քանի օր է՝ թափուր է. նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ: Իսկ հիմա նախարարի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունյանը, խոսելով իր նշանակման հավանականության մասին, ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը: «Երբ նման որոշում լինի, այդ ժամանակ դրա մասին նոր կարող եմ խոսել»,- ասել է նա: Հարցին՝ իսկ Դուք նման ցանկություն ունե՞ք, Հարությունյանը պատասխանել է. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, չեմ հասկանում հարցը... Նոր ժամանակները նոր խնդիրներ են դնում: Ցանկությունն ու առաջարկը տարբեր են: Ես ցանկություն ունեմ ծառայելու երկրին»: Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարն է եղել 1998-2007 թվականներին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ: Հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում: Նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ իրադարձության մասին մեկ նախադասություն է, որտեղ, սակայն, բառ անգամ չկա քննարկված թեմաների մասին: Նման գաղտնապահությունը հազիվ թե պատահական լինի: Ենթադրվում է՝ հանդիպումը կապված է Ղարաբաղյան խնդրում զարգացումների հետ:
Ի վերջո, հիշում եք՝ մի կողմից միջազգային հանրությունն ակտիվացրել է այս հարցում լուծման հասնելու ջանքերը, բացի այդ՝ վերջերս հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, եւ բանը հասավ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այդ ամենի համար հասցեական քննադատեցին Ադրբեջանին: Այս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին շատացել են զինված ուժերում մահվան ելքով միջադեպերը: Այնպես որ, ենթադրվում է՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում հենց այս թեմաներով է խոսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԶՈՒ վերջին միջադեպերի պատճառով երեկվա հանդիպումից հետո եղել են նաեւ պաշտոնանկություններ. աշխատանքից ազատվել է ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը:
Ընդ որում, մեր աղբյուրները նրա պաշտոնանկությունը կապում են հենց ԶՈՒ վերջին միջադեպերի հետ, այդ թվում եւ ջրահեղձ եղած զինվորների դեպքի: Իսկ ՌՈ պաշտոնում նշանակվել է Արթուր Բաղդասարյանը, որ մինչ այդ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հրաչյա Հարությունյանի տեղակալն էր»:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչո՞ւ են 25 տարվա ընթացքում ձախողվել բոլոր ընդդիմությունները՝ ԱԺՄ-ից սկսած, Կոնգրեսով եւ ՕՐՕ-ով վերջացրած: Նախ՝ իրենք՝ ընդդիմադիրները, չեն կարծում, որ ձախողվել են, նրանց թվում է, որ մեծ հաջողությունների են հասել, որ ժողովուրդն իրենց շատ էր սիրում, նույնիսկ պաշտում էր, իրենց հետ մեծ հույսեր էր կապում, բայց «իշխանությունը բռնազավթածները» դիմեցին ապօրինությունների, բռնությունների եւ ճնշեցին «համաժողովրդական շարժումը»: Հենց որ ընդդիմադիրներն ընկնում են նման դատողությունների շրջապտույտի մեջ՝ վերջ, նրանք պարտված են: Ոչ թե այն պատճառով, որ այդ դատողությունները սխալ են (հատկապես ապօրինությունների եւ բռնությունների մասով ճիշտ են), այլ որովհետեւ դրանք անպտուղ են:
Ընդդիմադիրների ռազմավարական սխալն այն էր, որ նրանց թվում էր, թե ընտրություններից մի քանի ամիս առաջ կակտիվանան, կուսակցություններ, դաշինքներ կստեղծեն, մի երկու «հուժկու» հայհոյանք կհնչեցնեն իշխանությունների հասցեին եւ վերջ՝ իշխանությունը նրանց գրպանում է:...Եվ ահա ասպարեզում հայտնվեց «Ելք»-ը, որ առայժմ, համենայնդեպս, չի գնում այդ տրորված ու միեւնույն ժամանակ փակուղի տանող ճանապարհով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով։ Toyota Land Cruiser 200-ը շքեղ ու աժդահա ամենագնաց է, համարներն էլ՝ 888 II 88: Այս տառերը՝ II, օգտագործվում են միայն ոստիկանության մեքենաների վրա, բայց ոչ II 88 սերիայով։ Սա հատուկ Սերգեյիչի համար թողարկված համարանիշ է, որ ե՛ւ գոլդ լինի, ե՛ւ ոստիկանական։ «Դեռեւս 20 տարի առաջ էս ավանդույթը կար, բոլոր թոշակառու գեներալներին ոստիկանական մեկ հատ համարանիշ են հատկացնում՝ ցմահ։ Առաջ եղել է ՈՍ սերիայով, հիմա՝ II»,- բացատրեց Ալիկ Սարգսյանը։ Իսկ 8-երի կոմբինացիան Դո՞ւք եք ընտրել։ «Դե, հիմա, էդ 8-երը․․․ չգիտեմ, ընտրել են, էդ են դրել»։ Այսինքն՝ Ձե՞ր ճաշակը չէ։ «Չէ, ես տենց հատուկ մոլուցք չունեմ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջիկայում վերակազմավորվելու է: Հիմնադրամի տնօրենը՝ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով պատգամավոր է ընտրվել, իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնել:
Տոնոյանը «Հրապարակ»-ին ասաց. «Այո, իսկապես, այս փուլում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործառույթները վերակազմավորման ընթացքում են, ունենք մի քանի միջոցառում, որոնք իրականացնելու ենք առաջիկա օրերին․ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա հետ կապված ավանդական միջոցառումները, իսկ ամռան ամիսներին կընթանան վերակազմավորման, վերապրոֆիլավորման աշխատանքներ, սեպտեմբերից արդեն լայն թափով կսկսվի գործունեությունը: Ծառուկյան ընտանիքի համար բարեգործությունն առանցքային նշանակություն է ունեցել, երբեւէ պայմանավորված չի եղել որեւէ քաղաքական գործընթացով»: Նա նաեւ նշեց, որ հունիսի 1-ից չի լինելու հիմնադրամի տնօրեն, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, չի կարող ասել։ Ի դեպ, հունիսի 1-ից Իվետա Տոնոյանն այլեւս չի իրականացնի նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի տնօրենի պարտականությունները: Թե ով կզբաղեցնի այս պաշտոնը, նույնպես դեռ հայտնի չէ»: