Զարուհի Փոստանջյանը Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացում է պահանջում
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան՝ բողոքարկելու Երևանի ավագանու ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած արդյունքները: «Ազատություն» ռադիոկայանի եթերումուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե անձամբ է դիմումը տարել դատարան:
Այն իր մեջ ներառում է պահանջ անվավեր ճանաչել ԿԸՀ արձանագրած արդյունքները, որոնք կեղծված պատկեր են արտացոլում և ըստ այդմ՝ անցկացնել Երևանի ավագանու նոր ընտրություններ:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ եթե այս դատարանը չբավարարի իրենց պահանջները, ապա իրենք պատրաստ են հասնելու մինչև միջազգային ատյաններ։
«Մենք հետամուտ ենք լինելու իրավական ընթացակարգի միջոցով մեր իրավունքի վերականգնմանը, նաև այլ միջոցներով։ Բոլոր գործընթացները, միջոցները սպառվելու են, և մենք հասնելու ենք մեր իրավունքի վերականգնմանը: Մենք պատրաստ ենք այնքան պայքարել, մինչև հասնեն նրան, որ Հայաստանում անցկացվեն արդար, հավասար ընտրություններ»,- ասել է կուսակցության ղեկավարը՝ հորդորելով բոլոր նրանց, ովքեր իրենց ընդդիմություն են անվանում, պայքարել իրենց հետ:
Միևնույն ժամանակ Փոստանջյանը մեծ հույսեր դատարանի հետ չի կապում, քանզի «այս դատարանը ենթակա է», բայց միանշանակ է, որ ընթացակարգը պետք է սպառել.
«Մերժումը նույնպես պատասխան է: Կարևոր է, որ պատասխան ամրագրվի»,- հավելել է նա:
Հիշեցնենք, համաձայն մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր երևանցի ընտրողների ձայների 7.75%: