23.11.2024
Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Աշխարհը պետք է պահպանի Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բազմազանությունը

Մերձավոր Արևելքի բազմազանության և հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում, ինչի մասին են վկայում ահաբեկչական գործողությունները Եվրոպայում: Այս մասին Մադրիդում կայացած «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ 


«Մերձավոր Արևելքի մարտադաշտերից ահաբեկիչների վերադարձը սպառնալիք է ոչ միայն իրենց բնակության երկրների համար, այլև կարող է դրդապատճառ դառնալ այլ տարածաշրջաններում հակամարտությունների սրման ու ճգնաժամային իրավիճակների առաջացման համար: ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներն ու զարհուրելի այլ վայրագությունները արդեն այսօր չեն սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանով»,- ասել է Նալբանդյանը: 


Նրա խոսքով, ևս մեկ անգամ պետք է հստակ ընդգծվի, որ կրոնը որևէ առնչություն չունի բռնության հետ:


«Մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են ԴԱԻՇ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից: Բարբարոսությունը պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին: Իրապես, սպառնալիքը, որին բախվում են Մերձավոր Արևելքի էթնիկ և կրոնական համայնքները, ոչ միայն զուտ ֆիզիկական գոյության, այլ նաև քաղաքակրթական մարտահրավեր է: Թե որքանով միջազգային հանրությունն ի զորու կլինի միավորվել և համատեղ պայքարել այս չարիքի դեմ, ցույց կտա, թե որքանով է այն պատրաստ պաշտպանելու իր իսկ սեփական քաղաքակրթական արժեքները: Հենց այս ոգով է Հայաստանը վճռականորեն միացել այս չարիքն արմատախիլ անելուն ուղղված միջազգային ջանքերին»,- հայտարարել է նախարարը:


Նալբանդյանը նկատել է, որ Սիրիական ճգնաժամը խորացրել է տարաձայնությունները ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ աշխարհի այլ մասերում: Մենք, ըստ նախարարի, կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ դրա հիմքում ընկած պատճառների, զարգացումների և հանգուցալուծման ուղիների վերաբերյալ, սակայն մենք պետք է միասնական լինենք մարդասիրական հարցերում: Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից:


«Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք նաև շարունակական մարդասիրական աջակցության միջոցով օգնության ձեռք ենք մեկնում այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում»,- ասել է նա:


Ելույթում Էդվարդ Նալբանդյանը նաև նշել է, որ սահմանադրական և օրենսդրական վերջին բարեփոխումների միջոցով Հայաստանը հնարավորություն ընձեռեց իր չորս ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տեղն ապահովել խորհրդարանում: Այս խմբերից երեքը՝ եզդիները, ասորիները և քրդերը, Սիրիայում և Իրաքում ենթարկվում են ինքնության հողի վրա իրականացվող բռնությունների: Մենք այդ ժողովուրդների հետ համատեղ երկար պատմություն ունենք։ Այսօր Հայաստանն իր նպաստն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ պաշտպանելու Մերձավոր Արևելքի ինչպես հայկական, այնպես էլ մյուս խոցելի համայնքները։


«Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բազմազանությունը պահպանելու, պաշտպանելու և խրախուսելու առաքելությունը կարևոր է քաղաքակրթական, մարդասիրական և անվտանգության տեսանկյուններից, ինչն էլ այն դարձնում է արդի ամենակարևոր մարտահրավերներից մեկը»,- հավելել է Հայաստանի ներկայացուցիչը:


Նշենք, որ համաժողովին մասնակցում էին շուրջ վաթսուն միջազգային կազմակերպությունների և պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։