Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Մանչեսթերում ահաբեկչությունից հետո որոշել է բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչև առավելագույն՝ կրիտիկական մակարդակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 23-ին օրվա ընթացքում երկրորդ արտահերթ խորհրդակցության ժամանակ:
Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը:
Սա ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի սահմանումն է պատմության մեջ երրորդ անգամ: Ոստիկանությունն ակնկալում է, որ այն երկար չի տևի: Վերջին անգամ կրիտիկական մակարդակը պահպանվել է 4 օր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Չնայած 2013-ի ահաբեկչություններին, երբ 2 իսլամիստ Լոնդոնում սպանեց զինծառայող Լի Ռիգբիին (իսկ այս ահաբեկչությունը տեղի է ունեցել Ռիգբիի սպանության 4-րդ տարելիցի օրը) և 2017-ի մարտին տեղի ունեցած ահաբեկչությանը, Բրիտանիայի իշխանությունները խուսափում էին ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձացումից: 2014-ից այն պահպանվում էր «լուրջ սպառնալիքի» մակարդակում։ Ընդհանուր առմամաբ սպառնալիքի 5 մակարդակ կա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԲ ոստիկանությունը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում: «Կարող ենք հաստատել, որ Մանչեսթերի ահաբեկչության կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին է»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: