25.11.2024
Վերադարձ ի շրջանս յուր. Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է նախկին պաշտոնին
prev Նախորդ նորություն

Իրանի աչքը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա է

Հայաստանն ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ: Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին:


«Հայաստանը ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ: Կարծում եմ՝ ձկնաբուծության ոլորտում կարելի է հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Կան շատ հզոր շուկաներ իշխան ձկնատեսակի ապրանքատեսակի իրացման համար»,- մասնավորապես ասել է նա:


Մահմուդ Հոջջաթին նաև ընդգծել է, որ Հայաստանի ձկնաբուծության ոլորտում հետաքրքիր ծրագրերի իրականացման հեռանկարներ է տեսնում:


Ավելի վաղ Մահմուդ Հոջջաթիին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը: Իսկ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական փոխգործակցության զարգացման հիմնահարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները: Նշվել է, որ երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը կարևոր է, սակայն առկա ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում: Իգնատի Առաքելյանը իրանցի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքին, որով պայմանավորված իրանական կողմը հնարավորություն կունենա արտահանել Հայաստանի տարածքով իրանական գյուղատնտեսական ապրանքները դեպի ԵԱՏՄ:

Իգնատի Առաքելյանի խոսքով` գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ռեալ հնարավորություններ կան բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում:

Պատրաստակամություն հայտնելով սերտացնելու Հայաստանի հետ համագործակցությունը` Իրանի գյուղատնտեսության նախարարը մասնավորապես նշել է.

«Հայաստանը կարող է կամուրջ դառնալ իրանցի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների գործարարների միջև և՛ ապրանքների արտահանման, և՛ ներմուծման առումով: Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել համատեղ ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև իրանական կիսաֆաբրիկատները Հայաստանում վերջնական տեսքի բերելու և արտահանելու համար: Կարծում եմ, սրանք այն ոլորտներն են, որտեղ պետք է մեխանիզմներ մշակել երկու երկրների բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև համագործակցությունն առավել սերտացնելու և զարգացնելու համար»:

Հանդիպման արդյունքներով` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հարցերով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին», որով կկարգավորվի բույսերի պաշտպանության, բույսերի և բուսական արտադրանքին առնչվող վնասակար օրգանիզմների վերահսկման բնագավառը, երկրների տարածք ներթափանցման և տարածման վերահսկումն ու կանխարգելումը: