Մովսես Հակոբյանը ցուցումներ է տվել՝ սահմանին Ադրբեջանի ոտնձգություններից զերծ մնալու համար
                    
                    
                        
                                     ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, Ֆոտո՝ mil.am
                                    ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, Ֆոտո՝ mil.am
                        
                     
                    
                    ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը: 
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը ներգրավված էին բանակային զորամիավորումների, Երևանի և Գյումրիի կայազորի հրամկազմերի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են զինծառայողների զգոնության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին:
Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Այս առնչությամբ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել մի շարք ցուցումներ: