Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են: Վերջին շրջանի զարգացումների ֆոնին հետաքրքիր շեշտադրումներ եղան մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Նախագահ Սարգսյանի խոսքը նորընտիր Ազգային Ժողովի անդրանիկ նիստում նոր տեմպ է հաղորդում հակամարտության կարգավորման քննարկումներին: Նախագահը, խոսելով փոխզիջումային տրամաբանության մասին ասաց, որ փոխզիջում ասելով հասկանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում: Փոխզիջումային հասկացողությանը որոշակի նոր գնահատական է տրվել և եթե մինչ ապրիլ հայկական կողմը փոխզիջում ասելով ենթադրում էր տարածքների զիջում, ապա պաշտոնական Երևանը դրա մասին հիմա այլևս չի խոսում, ինչը նյարդայնացնում է Ադրբեջանին»,- հայտարարեց Հրանտ Մելիք - Շահնազարյանը:
Վեցերորդ գումարման Ազգային ժողովին հղած ծավալուն ուղերձում Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Արցախյան կարգավորման գործընթացին՝ անուղղակի կերպով քննադատելով ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանակցված տարբերակները։ Նա նշել էր, որ ստատուս-քվոյի փոփոխությունը ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում:
«Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ հայկական կաղմը չի ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել:
Իրականում, սակայն, 2016 թվականի նոյեմբերի 17-ին, Սերժ Սարգսյանը ռուսաստանցի հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի և Կազանի առաջարկների մասին:
Սարգսյանը նշել էր, որ 2008-ից ի վեր կողմերը մի քանի անգամ մոտ են եղել փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ երեք սկբունքները հստակ արտացոլված էին․ «Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի։ Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Հետո գրված էր՝ ովքեր են մասնակցում»։
Հենց այս մոտեցումներն են արտացոլված նաեւ Կազանի փաստաթուղթի աշխատանքային տարբերակում (փաստաթղթի իսկությունը չի հաստատել ԱԳՆ-ը – խմբ.), որից հատվածներ հրապարակել էր Հայկական ուսումնասիրոթյունների «Անի» կենտրոնը 2016 թ-ի հունիսի 23-ին:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը պնդում է, որ հայկական կողմը տարածքային զիջումներ անել չի կարող, որքան «էլ մենք կամ իրենք այդ մասին հայտարարեն»: Քաղաքագետը մատնանշեց, որ չկան մեխանիզմներ, որոնք կյանքի կկոչեն փոխզիջումները:
«Բայց հայկական կողմում հստակ բանակցային դիրքորոշման փոփոխություն է եղել, ինչին էլ ագրեսիվ են արձագանքում ադրբեջանական իշխանությունները», - շեշտեց նա և այս կոնտեքստում կարևոր էր նախագահ Սարգսյանի ելույթը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Մելիք - Շահնազարյանը հիշեցրեց, որ պաշտոնական Երևանն առաջին անգամ է, ըստ էության, որ քննադատում է Մադրիդյան սկզբունքները, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են:
«Բոլոր այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվում էին, առնվազն հարցեր են առաջացնում Երևանում: Հայկական կողմը ուղերձ հղեց, որ Մադրիդյան սկզբունքների վրա հենվել այլևս հնարավոր չի լինի, եթե ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները վերսկսվեն: Հասկանալի, է, որ 2016-ի ապրիլից հետո նման փոփոխություններ պետք է լինեին: Բանակցային տրամաբանությունը փոխվել է և այսօր ունենք այլ իրավիճակ», - շեշտեց նա:
Քաղաքագետը նաև կարծիք հայտնեց, որ այս պահին չի կարող պատերազմ վերսկսվել, որքան էլ նրանց դա պետք լինի ապրիլյան ձախողումները վերականգնելու համար.
«Բաքուն հասկանում է, որ դիվանագիտական ճանապարհով այս փոփոխությանը հասնելը անհնար է, բայց ռազմական ճանապարհով հնարավոր է: Թեև Ադրբեջանը չունի ռեսուրսներ»,- հավելեց Հրանտ Մելիք - Շահնազարյանը: