Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման ինը տարիների ընթացքում միշտ գրանցել է ՀՀ-ից արտագաղթի ահռելի ծավալներ, այսօր ելույթ ունենալով 6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստում, ի թիվս այլ խնդիրների խոսեց նաեւ արտագաղթի դադարեցման, ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի «էական բարելավման» եւ «արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծման» մասին: Ավելին` նա նախանշեց 2040 թ.-ը, երբ ՀՀ-ում «պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:
Սարգսյանն իր ելույթում նախ խոսեց այն մասին, որ արտագաղթը նորանկախ Հայաստանում նորություն է, եւ այն սկիզբ է առել 25 տարի առաջ: «Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ եւ անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը»,- ասաց նա եւ խոսեց այն մասին, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն, մեջբերում է Սարգսյանի խոսքերը armtimes.com-ը:
Այս ուղղությամբ, ըստ Սարգսյանի, աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում, եւ 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:
«Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում եւ իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին եւ հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ընդգծեց նա:
Հատկանշական է, որ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Սա առկա բնակչության 10 տոկոսից ավելի է, իսկ պատմական համատեքստում տարբեր աղբյուրների հիշատակմամբ, մոտավորապես նույնքան մարդ Շահ Աբասը 1600 թթ.-ի սկզբին Հայաստանից տեղահանվեց դեպի Պարսկաստան:
Ընդ որում, ամենամեծ ծավալի արտագաղթը ՀՀ-ից, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է անցնող 2016 թվականին՝ 48.200 մարդ:
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017-ի տարեսկզբին 2016թ հունվարի 1-ի համեմատ նվազել է 0.4 %-ով կամ 12.1 հազ.մարդով, ինչը ձեւավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12.5 հազ. մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24.6 հազ. մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:
Իսկ ընդհանրապես 1992թ.-ից ի վեր Հայաստանում միայն երեք տարի՝ 2004, 2005 եւ 2006 թվականին է, որ երկրից միգրացիոն հոսքերը՝ ժամանածների եւ մեկնածների միջեւ տարբերությունը՝ սալդոն, եղել է դրական: Սա Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներն էին, որոնք համընկան համաշխարհային տնտեսության կտրուկ թռիչքի ֆոնին, Հայաստան հոսող տրանսֆերտների ռեկորդային ծավալների հետ, գրում է Հայկական ուսումնասիրությունների "ԱՆԻ" կենտրոնը:
Միլիարդների հասնող տրանսֆերտները հիմնականում օգտագործվեցին շինարարության մեջ, որն այնուհետեւ Տիգրան Սարգսյանն անվանեց «փուչիկ»: Իսկ լայնածավալ շինարարության արդյունքում Երեւանի հատկապես կենտրոնում բազմաթիվ բնակարանային ու օֆիսային մետրեր մնացել են դատարկ՝ չվարձակալված ու չբնակեցված:
Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի բնակչության արտագաղթի թվերը, որը վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայության հրապարակումներից:
2008 -23.059 Սերժ Սարգսյան
2009 -24.978 Սերժ Սարգսյան
2010 -46.486 Սերժ Սարգսյան
2011 -43.820 Սերժ Սարգսյան
2012 -42.784 Սերժ Սարգսյան
2013 -41.800 Սերժ Սարգսյան
2014 -41.235 Սերժ Սարգսյան
2015 -43.438 Սերժ Սարգսյան
2016 -48.200 Սերժ Սարգսյան
Երբ վերոնշյալ ճչացող թվերի ֆոնին Սերժ Սարգսյանը կամ նրա թիմակիցները խոսում են արտագաղթի դադարեցման ու մի հատ էլ բնակչության ծնելիության աճի մասին, ապա մի կողմից մարդկանց հիշողության մեջ առկայծում է նույն Սարգսյանի հայտնի «Իյա՜, իրո՞ք» արտահայտությունը, իսկ մյուս կողմից հիշում ենք ամերիկյան հայտնի ասացվածքը. «Պարոնայք, ձեր գործերն այնքան բարձր են աղաղակում, որ չի լսվում ձեր ձայնը»: