Մարզերում դեղերի հասանելիության խնդիր կա, ինչն անթույլատրելի է. վարչապետ
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 18-ին կայացած կառավարության նիստին բարձրացրեց մարզերում դեղերի հասանելիության հարցը:
«Մարզերում, անգամ խոշոր բնակավայրերում դեղերի հասանելիության խնդիր կա եւ սա անթույլատրելի է», - ասաց Կարապետյան եւ համապատասխան հանձնարարական տվեց ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանին:
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է և առաջացնում է խնդիրներ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների համար», - ասաց նա:
Հաշվի առնելով վերնշյալը՝ նա հանձնարարեց ՀՀ առողջապահության նախարարին, մեկամսյա ժամկետում, ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24 ժամ և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունն ապահովելու հնարավորությունները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ, այդ թվում՝ ըստ բնակավայրերի դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ:
Բացի այդ նա հանձնարարեց բանակցել գործող դեղատնային ցանցերի կամ առանձին դեղատների հետ հերթապահ դեղատների առկայությունը ՀՀ բնակավայրերում ապահովելու նպատակով, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ հարցին լուծում տալու նպատակով:
«Իրականում բոլոր բնակավայրերին է պետք ուշադրություն դարձնել, բայց այդ խնդիրն առաջացել է տուրիստական գոտիներից՝ Ծաղկաձորից: Նույնիսկ Հրազդանում չկա: Ծաղկաձորում ընդհանրապես դիմելու որևիցե տեղ չկա, եթե որևիցե բան պատահում է՝ հաշվի առնելով նաև ձմեռային մարզաձևերը»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ ուշադրություն դարձնեն այդ հարցին: